Գյումրու քաղաքապետը ձերբակալվեց․ կոռուպցիոն սկանդալ Հայաստանում
Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետը
Կաշառք պահանջելու և ստանալու դեպքերի առնչությամբ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդանն Ղուկասյանն ու ևս 7 անձինք։ Այդ մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեի փոխանցմամբ՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնության են եկել 4 մլն դրամ կաշառքի դիմաց ապօրինի ինքնակամ շինությունն օրինականացնելու շուրջ։
Ուժայինները վաղ առավոտից Գյումրու քաղաքապետարանում էին։ Ժամեր շարունակ Ղուկասյանն իր առանձնասենյակում էր ԱԱԾ աշխատակիցների հետ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել էր քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանն ու հավելել.
«Քաղաքապետին մեկուսացրել են իր սենյակում, խուզարկություններ են իրականացնում, առգրավումներ»։
«Մենք կգնանք, խնդիր չունենք, ոչ մի բան չենք արել։ Օրենքի տառը պահպանում ենք։ Ամեն ինչ նորմալ կլինի»,- սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց Ղուկասյանը։
Ոստիկաններն ու քաղաքացիները հավաքվել էին համայնքապետարանի մուտքի մոտ, մի քանի անգամ իրավիճակը լարվեց։
Քիչ անց հաղորդվեց, որ Ղուկասյանին շենքից դուրս են բերել հետնամուտքով և տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ նկարագրված մեղադրանքը չի վերագրվում քաղաքապետին, «կասկածներ կան, որ փորձում են դա բերել, կապել Ղուկասյանի հետ»։
Ձերբակալությունից առաջ քաղաքապետը կոչով դիմել էր գյումրեցիներին և նշել, որ համայնքապետարանում ընթացող գործողություններն ուղղված են իրեն հեռացնելուն։
Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանը կողմ էր արտահայտվել Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու գաղափարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ խոսել էր այդ մասին և հայտարարել․
«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։
Կոմունիստական կուսակցությունը, որի անդամ է Վարդան Ղուկասյանը, վարչապետի վերոնշյալ դիտարկումը բնորոշել է որպես «քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգ»։
Մինչդեռ Փաշինյանի թիմակիցները պնդում են՝ Ղուկասյանն ու նրա համակիրները իշխանազավթման են ձգտում, 2026 թ․-ին մտադիր են կրկնել քաղաքային իշխանության գալու մեթոդը համապետական մասշտաբով։ Վստահեցնում են՝ իշխանությունները դա թույլ չեն տալու։
Գյումրիում արտահերթ ընտրություններ էին կայացել մարտի 30-ին։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ 50+1% ձայն չէր հավաքել։ Ամենաշատ ձայները ստացել էր ՔՊ-ն։ Սակայն ոչ ոք կոալիցիա չկազմեց իշխող ուժի հետ։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը աջակցեցին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Բոլոր մանրամասները՝ ստորև
- Հայաստանում փաստաբան է կալանավորվել, պատճառը ֆեյսբուքյան գրառումն է
- Քահանայի հարցազրույցի հետքերով․ ՀՀ-ում հոգևորականներ են բերման ենթարկվել
- Հայաստանում ընդդիմադիր համայնքապետ է սպանվել․ հաշվեհարդա՞ր, թե՞ քաղաքական պատվեր
«Պետությունը չպետք է խախտի Գյումրու ինքնուրույնությունը»․ քաղաքապետի ուղերձը
Ձերբակալությունից առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ուղերձ է հղել Գյումրու «հպարտ և արդար ժողովրդին» և նշել, որ քաղաքի և արժանապատվության կողքին կանգնելու ժամանակն է։
«Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։ Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- ասված է Ղուկասյանի ուղերձում։
«Քաղաքական հետապնդում է»․ Կոմունիստական կուսակցություն
Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները դեսպաններին ուղղված հայտարարություն է տարածել և պնդել, թե «Գյումրու օրինական ընտրված ընդդիմադիր քաղաքապետի» դեմ տեղի են ունենում «քաղաքական հաշվերահարդար և հետապնդում», «բռնաճնշումներ»։ Հայտարարության համաձայն՝ այդ նպատակով օգտագործվում են քաղաքական և ուժային տարբեր միջոցներ ու գործիքներ։
«Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Աժ ամբիոնից»,- նշել են Կոմկուսի անդամները։
Անդրադարձել են նաև բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություններին և պնդել, որ ՀՀ իշխանությունները ժողովրդավարության անվան տակ իրականացնում են «խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն»։
Կոռուպցիոն սխեմայի մասին․ ի՞նչ է բացահայտել կոմիտեն
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ․
«Պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ»։
Մասնավորապես՝ 4 մլն ՀՀ դրամի դիմաց տվյալ քաղաքացուն խոստացել են՝
- չձեռնարկել կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ,
- կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր,
- օրինականացնել շինությունը։
Կոմիտեի փոխանցմամբ՝ մտադրությունն իրագործելու համար գլխավոր ճարտարապետը հանդիպումներ է ունեցել քաղաքացու հետ, քննարկել շինությունն օրինականացնելու գործընթացի ու կաշառքի գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով փոխանցելու մանրամասները։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են համայնքի ավագանու՝ իրենց համար ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։
Կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Մեկնաբանություններ
Իշխող ուժի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրել է․
«6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի:
Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը [Ամենայն հայոց կաթողիկոսի աշխարհիկ անունն է]` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով:
Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նկատել է․
«Կաշառակերության վրա բռնված Գյումրու քաղաքապետ Վարդանիկը Քոչարյանասերժական գողապետության այլանդակ դեմքն է, ընդդիմության քաղաքական երկնակամարի աստղը, նրանց հավաքական «հաղթանակի» ծնունդը: Նայեք Վարդանիկին, տեսեք ու հիշեք, թե ինչի են ընդունակ Քոչարյանը, Սերժը, սրբապիղծ կղերաօլիգարխիան և նրանց մանր-մունր քաղաքական նաժիշտները:
Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանության: Հիմա շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջ և դարձեք մի մեծ բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի ու պղծության իրական շահառուներին»։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության (Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժ) պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել է․
«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»։
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հիմնած «Մեր ձևով» շարժումը հայտարարել է․
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում։
Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետը