Հրդեհ Բաքվում․ բռնի տեղահանվածների 46 ընտանիք անտուն է մնացել
Հրդեհը բռնկվել է Բաքվի Բինագադինի թաղամասի եռահարկ շենքում։ Ոչ ոք չի տուժել, 150 մարդ է տարհանվել։ Այդ շենքի երկրորդ և երրորդ հարկերը զբաղեցնում էին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանից բռնի տեղահանվածները, իսկ առաջին հարկում № 45 դպրոցն էր, որում սովորում էին նրանց երեխաները։
• «Էլեկտրական կոնֆլիկտ» Ադրբեջանում բռնի տեղահանվածների և պաշտոնյաների միջև
• Փոցխոեցերի․ վրացական ավան՝ կրկնակի փախստականների համար
Ֆիզուլիի շրջանն Ադրբեջանի տարածք է, որը հարում է Լեռնային Ղարաբաղին։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում 1993թ-ի ամռանից շրջանի հյուսիս-արևմտյան մասը վերահսկում է հայկական կողմը։ Այդ 93թ-ից էլ (25 տարի) շրջանի այդ հատվածի բնակչությունը փախստական և բռնի տեղահանված է դարձել։ Նրանցից շատերը մինչ այսօր ապրում են նախկին հանգստյան տների, հանրակացարանների և այլ հաստատությունների շենքերում։
Հրդեհված շենքը պատկանում է Նավթագազաարդյունահանման վարչությանը։ Հրդեհի ժամանակ այրվել են երրորդ հարկի սենյակները, փայտյա միջնորմները, միջանցքն ու ծածկի մի մասը։ Հրդեհը մարել են, պատճառները պարզվում են, իսկ տարհանված 46 ընտանիքները ժամանակավորապես այլ վայրում կապրեն։