Հրաձգություն Դաղստանում և հինգ մարդու մահ. սադրա՞նք, թե՞ «Իսլամական պետության» գրոհ
Քննիչների տվյալներով՝ մարդն, ով փետրվարի 18-ին Դաղստանում կրակ է բացել ուղղափառ տաճարի ծխականների ուղղությամբ, Կիզլյարի 1995թ-ի ծնված բնակիչն էր: «Հարձակվողին ձերբակալելու փորձի ժամանակ նա վիրավորել է իրավապահ մարմինների երկու աշխատակցի և ոչնչացվել», — հաղորդվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքում: Այս մասին պատմում է «Կավկազսկի ուզելը»:
Հանցագործը սպանել է 4 կնոջ, մեկին՝ ծանր վիրավորել, որը հետագայում մահացել է հիվանդանոցում: Եվս 5 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածք է ստացել:
Մարդասպանը 22-ամյա դաղստանցի Խալիլ Խալիլովն էր: PBK-ի տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում է Դաղստանի ՆԳՆ-ում և կառավարությունում առկա աղբյուրները, մեկ տարի առաջ Խալիլովն անդամագրվել է «Իսլամական պետությանը»:
Ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը, թե կրակողները երկուսն են եղել, թե իբր Խալիլովին իր կինն էր ուղեկցում, որը հետագայում հասցրել է թաքնվել, այդ աղբյուրները հերքել են:
«Իսլամական պետությունն» արդեն իր վրա պատասխանատվություն է վերցրել Կիզլյարում կատարված հարձակման համար, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել: Անկախ աղբյուրներից հաստատում նույնպես դեռևս չի ստացվել:
Տաճարի վանահոր խոսքով՝ տղամարդը վազել է դեպի եկեղեցու դռները՝ բղավելով «Ալլահ ակբար», և զինված է եղել հրացանով ու դանակով, հաղորդում է Meduza—ն:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը կատարվածը սադրանք է որակել: Այս մասին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
«Ռուս եկեղեցու առաջնորդը Մեծ պահքի նախօրեին կատարված այս հրեշավոր հանցագործությունը գնահատում է որպես սադրանք, որն ուղղված է ուղղափառների և մուսուլմանների միջև դիմակայություն առաջացնելուն, որոնք դարերով խաղաղ ապրում են Կովկասում»: