Հունգարիայում կառավարությունը պատրաստվում է փակել Ջորջ Սորոսի հիմնած անկախ համալսարանը
hungarianfreepress.com-ի նյութերի հիման վրա
Հունգարիայի կառավարությունը հայտարարել է երկրի սահմաններից դուրս գրանցված ուսումնական հաստատությունների հանդեպ վերահսկողությունն ուժեղացնելու մտադրության մասին: Առաջինը հարվածի տակ կարող է հայտնվել հայտնի Կենտրոնական-եվրոպական համալսարանը, որում Սորոսի հիմնադրամի աջակցությամբ տարբեր մակարդակների հեղինակավոր դիպլոմներ են ստացել այդ թվում նաև Կովկասի տարբեր երկրների հարյուրավոր երիտասարդներ:
Կենտրոնական-եվրոպական համալսարանը ստեղծվել է Բուդապեշտում տեղական ինտելիգենցիայի խմբի կողմից Ջորջ Սորոսի աջակցությամբ 1991թ-ին՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Համալսարանը պետք է դառնար և դարձավ մի կենտրոն, որն օգնում է զարգացնել ժողովրդավարական հասարակությունն ու եվրոպական գիտելիքներն ու արժեքները տանել նախկին ԽՍՀՄ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ:
Համալսարանը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն հունգարական գրանցում էլ ունի:
Այդ բացառիկ ուսումնական կենտրոնը փակելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի նամակով է հանդես եկել ռեկտոր Մայքլ Իգնատևը:
«Հունգարիայի կառավարությունն օրենք է մշակում, որն ուղղակիորեն սպառնում է Կենտրոնական-եվրոպական անկախ համալսարանի գոյությանը: Այն պնդումները, թե մեր ծրագրերն արտոնագրեր չեն ստացել, սուտ են: Ինչպես նաև այն պնդումները, թե մենք չենք պահպանել գրանցման ժամկետները», — ասված է ռեկտորի բաց նամակում:
Նրա պնդմամբ՝ խորհրդարան ուղարկված օրինագիծն, ընդհանուր առմամբ խտրական բնույթ է կրում:
Դիտորդները կարծում են, որ այդ գաղափարը պատկանում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և կապված է 2018թ-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր դիրքերն ամրապնդելու հետ:
Հունգարիայի վարչապետի քաղաքական ակտիվը.
[yes_list]
- Նա ակտիվորեն դեմ է արտահայտվում ուկրաինական պատերազմի հետ կապված Ռուսաստանի դեմ ԱՄՆ և Եվրամիության կիրառած պատժամիջոցներին:
- Դեմ է ոչ եվրոպական երկրներից դեպի Եվրոպա միգրացիային:
- Մեծ ոգևորությամբ սատարել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուն:
- Տեղական լիբերալ քաղաքագետների գնահատմամբ՝ Վիկտոր Օրբանն ու նրա «Ֆիդես» կուսակցությունը, իշխանության լինելով 2010թ-ից, Հունգարիայում «մաֆիոզային պետություն» են ստեղծել, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է անձամբ կուսակցության կամ կամ Օրբանի հետ կապված խմբին:
[/yes_list]