ՀՀ վարչապետն ասում է, որ երկրին բարեփոխումներ են պետք՝ ի նպաստ անապահովների
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է, որ բոլոր ոլորտներում արդյունավետության խնդիր կա, և հարկավոր են մեծ բարեփոխումներ՝ նույն բյուջեն ավելի էֆեկտիվ օգտագործելու համար.
«Պետությունը, միանշանակ, պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին: Մենք բավականին մեծ բարեփոխումներ ենք ծրագրել սոցիալական, առողջապահության ոլորտներում… Մենք չենք լուծում բոլոր սոցիալական խնդիրները, որոնք կան սոցիալապես անապահովների մոտ, բայց նույնիսկ այս պարագայում, սուղ պայմաններում մենք ունենք պրոբլեմներ, որ էֆեկտիվ չենք այդ գումարները ծախսում և մեկ-մեկ հասցեն սխալ ենք ընտրում»:
Համակարգային բարեփոխումներ իրականացնելու դեպքում, վարչապետի կարծիքով, հնարավոր կլինի նույն բյուջեի պարագայում ավելի որակյալ ծառայություն մատուցել և դաշտը 20-30 անգամ մեծացնել:
ՀՀ վարչապետն այս հայտարաություններն արել է Երևանի Ավան շրջանի բնակիչների հետ գալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպման ընթացքում: Նա կարծում է, որ ՀՀԿ-ի ծրագիրը բավական ամբողջական է, հավակնոտ և իրատեսական, որը խոշոր առումով չորս հարցի է պատասխանում. «որտեղ և ինչ խնդիրներ ունենք, ուր ենք ուզում հասնել, ինչ պետք է անենք դրա համար և ով պետք է անի»:
Վերլուծաբանները նշում են, որ այս անգամ նախընտրական արշավում կարևորվում են կուսակցությունների կարողությունները, այդ թվում՝ ֆինանսական, այլ ոչ թե՝ գաղափարախոսությունը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից: Վարչապետը, լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ակտիվ մասնակցում է նախընտրական միջոցառումներին: