Անշարժ գույքի գները Հայաստանում կրկին բարձրացել են. ՌԴ-ից արտագաղթի նոր ալիք և այլ պատճառներ
ՀՀ-ում անշարժ գույքի գների աճի նոր ալիքի պատճառները
Վերջին երկու ամիսներին Ռուսաստանում հնարավաոր զորահավաքի անցկացման լուրերի ֆոնին Հայաստանում նկատվում է ներհոսքի նոր ալիք։ Դրանով պայմանավորված մոտ 20%-ով բարձրացել են անշարժ գույքի թե վարձակալության, թե վաճառքի գները:
Առք ու վաճառքի և վարձակալության ամենահայտնի առցանց հարթակներում նույն բնակարանի կամ հողատարածքի գնի տատանումները նկատելի են օրերի կտրվածքով: Ավելի թեժ է վարձակալության շուկան։ Բացի Երևանից այն ակտիվացել է նաև մոտակա քաղաքներում՝ Աբովյանում, Մասիսում, Նոր Հաճնում, Արտաշատում, Աշտարակում:
Ռուսաստանից տեղափոխվողների մեծ մասը հայեր են, որոնք ապրում և աշխատում էին այնտեղ։ Հայաստան են գալիս, հենց իրենց խոսքով՝ անորոշությունների պատճառով, նաև զորահավաքից խուսափելու նպատակով:
Մասշտաբային ներհոսքի ֆոնին վարձակալական շուկան՝ հատկապես ցածր և միջին գներով առաջարկները, մեծ դժվարությամբ է բավարարում պահանջարկը։ Առավել ևս, որ նոր կրթական տարվան ընդառաջ մարզերում ապրող ուսանողներն էլ են տեղափոխվում մայրաքաղաք:
- Օտարերկրացիները ավելի քիչ են անշարժ գույք գնում Հայաստանում․ վերլուծություն
- Հայաստանում հին շենքերը դարձնում են էներգախնայող ու գեղեցկացնում
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
Ռուսաստանցին աշխատանքի է տեղավորվել, բայց չի կարողանում բնակարան գտնել
Դմիտրի Պոպովը երեք շաբաթ առաջ է ընկերների հետ եկել Հայաստան: Առաջին կանգառը եղել է Երևանը, հետո ընկերները տեղափոխվել են Լոռու մարզ՝ Ալավերդի և Թումանյան համայնքներ:
Ինքը որոշել է մնալ Երևանում։ Ծանոթներ ունի, ապրում է նրանց տանը, աշխատանք է գտել՝ առաքիչ է աշխատելու։ Միայն մնացել է աշխատավարձի չափը հստակեցնել գործատուի հետ: Այս ընթացքում փնտրել է մեկ կամ երկու սենյականոց բնակարան քաղաքի ծայրամասերում:
«Սկզբում նայում էի տները մինչև հինգ հարյուր դոլարի սահմաններում, հիմա արդեն յոթ հարյուրի շրջանակում եմ փնտրում: Դեռ չեմ գտել, որովհետև ինձ նվազագույն կենցաղային պայմաններն են անհրաժեշտ՝ գույք և տեխնիկա: Եթե անգամ գտնում եմ միջին վերանորգմամբ բնակարան, կարիք է լինում սառնարանի, լվացքի մեքենայի, նորմալ բազմոցի և այլն»,- բացատրում է Դմիտրին:
Տեղյակ է, որ գների թանկացումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից նոր հոսքի հետ։
Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսների թանկացումներից որոշ ժամանակ անց, երբ ռուսաստանցիները հետ վերադարձան կամ այլ երկրներ մեկնեցին, շուկան սկսեց կայունանալ՝ գները փոքր ինչ իջան: Բայց դա երկար չտևեց, հիմա գները կրկին բարձրաքացել են։
«Անկեղծ ասած, Երևանը շատ եմ սիրել։ Քաղաքը ռիթմ ունի, հետաքրքիր մշակութային կյանք, համեղ ուտելիք, ջերմ մարդիկ ու լավ տրանսպորտային հանգույցներ: Հաշված օրերի ընթացքում աշխատանքի հարցն էլ լուծվեց։ Հիմա բնակարանի ժամանակն է։ Եթե Երևանում չգտնեմ, մոտ բնակավայրերում կփնտրեմ: Այժմ հարցուփորձ եմ անում հասկանալու համար՝ քաղաքից դուրս բնակավայրերում ինչպես է աշխատում տրանսպորտը, վարձակալության ինչ տարբերակներ կան, արդյոք ակտիվ է հանրային կյանքը»,- ասում է երիտասարդը:
Իր խոսքով՝ մեծ ընտրություն չի ունեցել՝ կամ պետք է Երևան գար, կամ գնար Թբիլիսի․
«Այս երկու քաղաքներում շատ էի եղել և նույնիսկ նախքան վերջին շրջանի լարվածությունը ՌԴ-ում մտածում էի տեղափոխել այս քաղաքներից մեկը։ Ընկերներս, որոնք երկու քաղաքներում էլ ապրելու փորձ ունեին, խորհուրդ տվեցին Երևանը, թեև այն ավելի թանկ է Թբիլիսի համեմատ: Ասեցին՝ Երևանում մարդիկ ջերմ են, սիրում են ռուսներին, աջակցում են, ավելի ըմբռնող են, աշխատանքի հնարավորություններն էլ շատ են: Հայաստանի այլ քաղաքներ էլ խորհուրդ տվեցին։ Օրինակ, Գյումրին, Դիլիջանն ու Վանաձորը»:
Պատմում է, որ հիմա հարազատները Ռուսաստանից զանգում են, փորձում են հասկանալ՝ արդյո՞ք արժե գալ Հայաստան երկարաժամկետ կացության։ Իր պատասխանը դրական է, թեև խնդիրների մասին ևս խոսում է:
Ինքն անձամբ որոշել է հետագայում, եթե կարողանա ավելի շատ վաստակել, մեկ սենյականոց բնակարան ձեռք բերել Երևանում:
Գների վրա ազդող գործոնները
Silver REA անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովն ասում է, որ նախորդ տարվա համեմատ վարձակալությամբ տրվող բնակարանների գներն աճել են մոտ 15 տոկոսով։ Սա շուկայի միջինացված պատկերն է։ Նրա խոսքով՝ քաղաքի առանձին հատվածներում և բնակարանների տեսակներում փոփոխությունների չափը կարող է տարբեր լինել։
Նույն պատկերն է նաև առքուվաճառքի շուկայում: Նրա գնահատմամբ, դժվար է թանկացման համար ստանալ մեկ միջինացված գին և այն համեմատել նախորդ տարվա ցուցանիշի հետ.
«Առաջնային շուկայում գների փոփոխությունը գնահատելը բավական բարդ է, քանի որ կառուցապատման նախագծերում բնակարանները տարբեր փուլերում վաճառվում են տարբեր գներով: Աճի տեսանելի դինամիկա կա երկրորդային շուկայում»։
Երկրորդային շուկայում, ըստ նրա, բնակարաններով հետաքրքրված են հիմնականում Սփյուռքի հայրենակիցները։ Սա նրանց համար բիզնես ներդրում է։ Վարձակալության հանձնելով՝ տարեկան ավելի մեծ եկամուտ են ստանում, քան նույն գումարը բանկում ավանդի տեսքով պահելու դեպքում։
«Ակտիվ են նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մարդիկ։ Նրանց մի մասն արդեն շուրջ մեկ տարի այստեղ է բնակվում և որոշում է կայացրել մշտական բնակություն հաստատել։ Մյուս խմբում մարդիկ են, որոնք նախկինում կապ են ունեցել Հայաստանի հետ, սակայն այժմ որոշել են իրենց բիզնեսն ու ընտանիքը տեղափոխել Հայաստան։
Ակտիվությանը նպաստում է նաև վերջին տարիներին Հայաստանում կապիտալի նկատելի արժևորումը։ Այս պայմաններում անշարժ գույքը շարունակում է հետաքրքրել գնորդներին, և թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում բնակարան ձեռք բերելու պահանջարկը պահպանվում է»,- կարծում է անշարժ գույքի գործակալության ղեկավարը։
Բնակարանների գների դինամիկան ըստ վարչական շրջանների
Կադաստրի կոմիտեի 2026թ-ի երկրորդ եռամսյակի տվյալներով, անշարժ գույքի գների աճի միտումը շարունակվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Միայն թե աճի տեմպերն են տարբեր են եղել։ Առավել զգալի բարձրացում է արձանագրվել Նորք-Մարաշում, Շենգավիթում և Աջափնյակում։
Ամենաբարձր գնային աճը գրանցվել է Նորք-Մարաշում, որտեղ մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է շուրջ 553 հազար դրամ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով մոտ 24%-ով։
Շենգավիթում բնակարանների արժեքը նույն ժամանակահատվածում աճել է մոտ 19%-ով, իսկ Աջափնյակում՝ 16%-ով։ Այս վարչական շրջաններում բնակտարածքի նկատմամբ հետաքրքրությանը նպաստել են կառուցապատումների ակտիվացումը և համեմատաբար ավելի հասանելի գները։
Մյուս վարչական շրջաններում գների փոփոխությունն ավելի չափավոր է եղել։ Կենտրոնում և Արաբկիրում աճի համեմատաբար ցածր տեմպերը պայմանավորված են արդեն իսկ ձևավորված բարձր գնային մակարդակով։
Ընդհանուր առմամբ, Երևանի անշարժ գույքի շուկայում գների աճը շարունակվում է։ Սակայն առավել ակտիվ դինամիկա նկատվում է զարգացման ներուժ և համեմատաբար ավելի հասանելի գնային մակարդակ ունեցող վարչական շրջաններում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ում անշարժ գույքի գների աճի նոր ալիքի պատճառները