ՀՀ–ն ակնկալում է Եվրամիության հետ սկսել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն
լուսանկարը՝ panorama.am
Հայաստանն ակնկալում է սկսել Եվրամիության հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը: Այս մասին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Ներկայումս՝ 2014թ. հունվարին կողմերի միջև «Վիզաների տրամադրման դյուրացման մասին» համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի քաղաքացիները դեպի ԵՄ անդամ պետություններ վիզա են ստանում դյուրացված կարգով:
Դրա շնորհիվ վիզայի տրամադրման որոշման ժամկետները կրճատվեցին՝ մուտքի արտոնագիր տրամադրելու որոշումը Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները սկսեցին կայացնել 10 օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում՝ 1-2 օրում, նվազեց վիզաների տրամադրման համար վճարվող գումարը, դառնալով 35 եվրո 60-ի փոխարեն, իսկ քաղաքացիների մի շարք խմբեր ազատվեցին վճարումից: Վիզայի տրամադրման գործընթացը հեշտացավ նաև պահանջվող փաստաթղթերի քանակի կրճատման առումով:
Վիզայի ազատականացման շուրջ բանակցային գործընթացի մեկնարկից հետո ԵՄ-ն Հայաստանի առաջ որոշակի պարտավորություններ կդնի, որոնք իրականացնելու դեպքում էլ կստորագրվի փաստաթուղթ, ինչպիսին արդեն ունի Վրաստանը:
Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության նոր փաստաթղթի մասին՝ շրջանակային համաձայնագրի, որն արդեն նախաստորագրվել է: ԱԳ նախարարի պաշտանակատարը հույս է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել նոյեմբերին կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:
Ավելի վաղ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնել էր, որ համաձայնագրի տեքստն արդեն սրբագրվում է, խմբագրվում, թարգմանվում՝ ԵՄ անդամ-պետությունների պաշտոնական լեզուներով: