«Եթե բացվի միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, ՀՀ-ի շրջափակումն ավելի կխորանա»․ կարծիք
ՀՀ-ին ամբողջական ապաշրջափակում է պետք
Հայաստանում շարունակում են ակտիվորեն քննարկել ապաշրջափակման ամերիկյան առաջարկն ու Փաշինյանի՝ այդ թեմայով արած հայտարարությունները։ Վարչապետը տեղեկացրել էր՝ ճանապարհի արտապատվիրակման դեպքում հնարավոր է ստեղծվի մի ընկերություն, որը ներդրումներ կներգրավի ենթակառուցվածքների ստեղծման համար։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու պնդել՝ այն ահռելի ներդրումային ներուժ ունի։
Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, կարծում է՝ խոսք է գնում ոչ թե Հայաստանի ապաշրջափակման, այլ միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհահատվածի բացման մասին։ Հայտարարում են՝ գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների բավարարման հետ։
«Եթե մենք չենք ստանում երաշխիքներ և վստահ չենք լինում, որ այս ճանապարհի կառուցումը, ստեղծումը իր հետևից անմիջապես և առանց այլևայլությունների բերելու է ՀՀ-ի շուրջ ապաշրջափակման, այս խոսակցությունն իմաստ չունի»,- «Հանրայինի» եթերում արձանագրել է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Վստահ է՝ Երևանն այդ ուղերձը փոխանցել է ինչպես հարևան երկրներին, այնպես էլ միջազգային գործընկերներին։
Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, պնդում, որ պետք է լինի անխոչընդոտ անցում։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա 4՝ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքների պահպանմամբ:
Օրերս կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը մի քանի անգամ հիշատակել է սկզբունքները՝ առանց խոսելու փոխադարձության մասին։ Լրագրողներից մեկի ճշտող հարցին պատասխանելիս Փաշինյանը վստահեցրել է՝ հարցը քննարկում են այդ տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ նկատել է՝ փոխադարձության դեպքում «խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանի տարածքում կա երկաթուղի, ՀՀ տարածքում է բացակայում» և ակնարկել, որ ծրագրի ներդրումային բաղադրիչը հենց հայկական կողմին է պետք։
- «Ապաշրջափակման Երևանի առաջարկները փարատում են Բաքվի կասկածները»․ կարծիքներ
- Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ է բացվել․ կզսպի՞ Բաքվի նկրտումները
- «Էրդողանի հայտարարությունը վկայում է Թուրքիա-ՌԴ գործարքի մասին». կարծիք Երևանից
Նախիջևան-Ադրբեջան ուղին․ բուն թեմա՞, թե՞ ենթաթեմա
Խորհրդարանական ընդդիմությունն ամերիկյան առաջարկի շուրջ քննարկումներից ստացել է տպավորություն, որ խոսք է գնում ոչ թե տարածաշրջանի բոլոր հաղորդուղիների ապաշրջափակման, այլ միայն Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի ապահովման մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում պնդել է՝ սա ապաշրջափակման և ՀՀ-ի տնտեսական կարողությունների ընդլայնման մասին քննարկում չէ։
«Սա խնդիր է, հերթական անգամ, Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելու: Երբ հարցը նեղացնում, բերում եք նրան, թե արդյո՞ք կողմ եք ամերիկյան կազմակերպության վերահսկողությանը, ինձ մոտ հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացից հասանք մի կետի, որտեղ քննարկվում է Մեղրիի ճանապարհի հարցը և այն, թե ում վերահսկողության տակ է այն գտնվելու»,- ընդգծել է Գրիգորյանը:
Օրերս կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետ Փաշինյանից հետաքրքրվել էին՝ բոլոր ճանապարհները միաժամանա՞կ են բացվելու, արդյո՞ք բանակցություններն ընթանում են այդ տրամաբանությամբ: Կառավարության ղեկավարը հարցն անպատասխան էր թողել։ Ամիսներ առաջ՝ 2025 թ․-ի մարտին վարչապետն ուներ այդ հարցի հստակ պատասխանը։
«Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել»,- գրել էր Փաշինյանը ապաշրջափակման թեմային նվիրված իր հոդվածում։
Փորձագիտական կարծիք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ մինչ այս պահը հրապարակված տեղեկություններն ու վարչապետ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ ամերիկյան առաջարկը հետևյալն է՝ մի մասնավոր ընկերություն ստանալու է իրավունք՝ կոնկրետ հողհատկացումների հիման վրա կառուցելու կոնկրետ ենթակառուցվածքներ (մայրուղիներ, երկաթգծեր, գազամուղներ և այլն)․
«Դա արվելու է առանց այդ հողի սեփականության իրավունքի, առանց այդ հողի իրավական, առավել ևս միջազգային կարգավիճակի որևէ փոփոխության: Եթե կուզեք, խոսքը ինչ-որ կապալային հանձնառության [կապալառու] մասին է»։
Երկրորդ փուլն, ըստ նրա, ենթադրելու է ենթակառուցվածքների շահագործում, սպասարկում և կառավարում, իսկ երրորդը՝ բուն ճանապարհի, երկաթգծի վրա անվտանգության ապահովում։
Կարծում է՝ առաջարկը ոչ թե բացառապես ամերիկյան կապիտալի, այլ հայ-ամերիկյան որոշակի նախաձեռնության մասին է.
«Տեսականորեն, եթե վարձվում է հայկական կապիտալի մասնակցությամբ որևէ արտասահմանյան կամ թեկուզ տեղական պահնորդական կազմակերպություն ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, ես այդտեղ ոչ մի խնդիր, ոչ մի մահացու բան չեմ տեսնում»։
Քաղաքագետը հղում է անում վարչապետի խոսքին և եզրակացնում՝ չի լինելու որևէ հատված, որտեղ ՀՀ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները չեն կարողանալու միջամտել և «օրենսդրական կարգ պարտադրել»․
«Բացի այդ, ինչպես հասկանում եմ՝ դա լինելու է ՀՀ-ի մաքսային և անձնագրային վերահսկողությամբ»։
Ասում է՝ պետք է զարգացնել առաջարկի շուրջ խոսակցությունն ու այնպես անել, որ լինի նաև որոշակի եվրոպական մասնակցություն: Հնարավոր է համարում նաև Հայաստանի գործընկեր երկրների և տարածաշրջանային պետությունների ներգրավումը։ Օրինակ է բերում մեծ նախագծեր` նավթամուղ, գազամուղ, երկաթգիծ իրականացնելու հարևան Ադրբեջանի փորձն ու նշում՝ դրանց մասնակցել են ամենատարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ճապոնիա և այլն։
«Օրինակ՝ ստեղծվում է մի կորպորացիա, կոնսորցիում, որտեղ ներդրողները նախ ստանում են որոշակի երաշխիքներ միջազգային ֆինանսական տարբեր ինստիտուտներից, կատարած ներդրումների համաձայն՝ մասնակցում են կառավարմանն ու շահույթ ստանում։ Տնօրենների խորհրդի ձևաչափով»,- մանրամասնել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ սեղանին դրված ամերիկյան առաջարկն անհամեմատ ավելի հետաքրքիր է և ավելի ձեռնտու է ՀՀ-ին, քան ռուսական առաջարկը:
Հիշեցնում է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն ու դրա վերաբերյալ Մոսկվայի մեկնաբանությունները․
«Ռուսական առաջարկը շատ ավելի կոշտ և շատ ավելի վտանգավոր՝ սահմաններ խախտող առաջարկ էր։ Հայտարարության ռուսական ընթերցման համաձայն՝ պետք է լիներ զինված ռուսական հատուկ ծառայությունների ներկայություն, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պետք է գար, 100 մետրը մեկ կանգներ այդ ճանապարհի վրա»։
Շեշտում է՝ Հայաստանի հարավով՝ Մեղրիով անցնող ճանապարհի հայելային արտապատկերը Լաչինի միջանցքն էր, սակայն հիմա, ԼՂ-ի հայաթափումից հետո, խոսակցության կոնյուկտուրան հետևյալն է՝ եթե ՀՀ-ն ուզում է տարածաշրջանային ապաշրջափակում, այսինքն՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սահմանի բացում, ապա դա հնարավոր է քայլ առ քայլ տրամաբանությամբ: Հարևան Թուրքիան ու Ադրբեջանն են պնդում։ Եվ առաջին քայլը, նրանց կարծիքով՝ պետք է լինի Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի բացումը։
Քոչինյանի համոզմամբ՝ Երևանը պետք է կենտրոնանա ոչ թե այս ճանապարհի, այլ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և ամբողջական ապաշրջափակման վրա։
«Եթե տրամադրվելիք ճանապարհի գոյությունը ավտոմատ կերպով չի նշանակում նաև մնացած կոմունիկացիաների բացում, ապա այս խոսակցությունն ընդհանրապես հետաքրքիր չէ Հայաստանին»,- ամփոփել է փորձագետն ու կարծիք հայտնել, որ այդ սցենարի պարագայում ՀՀ-ի շրջափակումն ավելի կխորանա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ին ամբողջական ապաշրջափակում է պետք