ՀԿ-ների վերագրանցման պահանջ Ադրբեջանում․ կանոններն էլ ավելի կխստացվեն
ՀԿ-ների վերագրանցումը Ադրբեջանում
Ադրբեջանում գործող բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպես նաև արտասահմանյան ՀԿ-ների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր կլինեն անցնել պետական վերագրանցում։ Սա նախատեսված է «Ոչ կառավարական կազմակերպությունների (հասարակական միավորումների և հիմնադրամների) մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով։ Օրինագիծը ներառված էր Միլլի Մեջլիսի նոյեմբերի 17-ի և 18-ի նիստերի օրակարգում։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունները կունենան ընդամենը 30 օր՝ իրենց կանոնադրությունները նոր պահանջներին համապատասխանեցնելու և վերագրանցման համար դիմելու համար։ Կդադարեցվի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք դիմում չեն ներկայացնի կամ որոնց գրանցումը կմերժվի։ Այնուհետև կներկայացվի դատական հայց դրանց լուծարման համար։
Վերջին տասնամյակի ընթացքում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունն Ադրբեջանում բազմիցս խստացվել է։
Ի՞նչ կփոխվի կազմակերպությունների համար վերագրանցման արդյունքում, և ո՞վ է որոշելու նրանց հետագա ճակատագիրը։
Ի՞նչ է նախատեսում օրինագիծը
Վերագրանցում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ գրանցված տեղական ՀԿ-ները պարտավոր կլինեն 30 օրվա ընթացքում դիմել «համապատասխան գործադիր մարմնին»։ Արտասահմանյան ՀԿ-ների այն մասնաճյուղերը, որոնց պայմանագրերի ժամկետը լրացել է կամ չունեն պայմանագիր, պարտավոր կլինեն նույն ժամանակահատվածում կնքել նոր պայմանագիր կամ երկարաձգել գործող պայմանագիրը։
Նոր կանոնադրական պահանջներ։ Կազմակերպության կանոնադրություններում անհրաժեշտ կլինի սահմանել ներքին ֆինանսական վերահսկողության կանոններ, որոշել վերահսկող մարմինները և նախատեսել ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը մեղմելուն ուղղված միջոցառումներ։ Ավելին, կստեղծվեն ՀԿ-ների տեսակներ, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրին կթույլատրվի պատկանել միայն տեսակներից մեկին։
Հիմնադրամների կանոնադրական կապիտալի տասնապատիկ աճ։ Ներկայումս հիմնադրամի նվազագույն կանոնադրական կապիտալը 10․000 մանաթ է (մոտ 5882 դոլար)։ Օրինագծով առաջարկվում է այն հասցնել 100․000 մանաթի (մոտ 58․820 դոլար)։
Գործունեության կասեցում առանց դատարանի որոշման։ Սա օրինագծով նախատեսված ամենանշանակալի փոփոխություններից մեկն է։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու որոշումը կայացնում է դատարանը:
Նոր կանոնների համաձայն՝ գործադիր իշխանությունը կկարողանա մինչև 1 տարի ժամկետով՝ առանց դատարան դիմելու կասեցնել կազմակերպությունների գործունեությունը հետևյալ դեպքերում՝
- կազմակերպության գործունեության թափանցիկության ապահովման անկարողություն,
- կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջների չկատարում,
- կազմակերպության տնօրենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում պետական գրանցամատյանում փոփոխություններ չկատարելը,
- օտարերկրյա ՀԿ-ի մասնաճյուղի հետ պայմանագրի ժամկետի ավարտը:
Լուծարման նոր հիմքեր: Ներկայումս դատարանը կարող է ՀԿ-ի լուծարման վերաբերյալ որոշում կայացնել մեծամասամբ այն դեպքում, եթե կազմակերպությունը մեկ տարվա ընթացքում ստացել է երկուսից ավելի գրավոր նախազգուշացում: Օրինագիծն ընդլայնում է լուծարման հիմքերի ցանկը: Դրանք կներառեն «պետության և հասարակության օրինականորեն պաշտպանված շահերին սպառնալիք հանդիսանալը», 3 տարի անընդմեջ ընդհանուր ժողով չանցկացնելը, 3 տարուց ավելի անգործությունը և կազմակերպության կանոնադրական նպատակներին չհամապատասխանող գործունեությունը:
Ո՞վ է որոշելու, թե ինչն է համարվում «թափանցիկություն» և «սպառնալիք»
Օրինագծում օգտագործվում են եզրույթներ, ինչպիսիք են՝ «թափանցիկություն չապահովելը» և «պետական շահերին սպառնացող վտանգը»։ Սակայն դրանց կիրառման կոնկրետ չափանիշները չեն նշվում։ Եթե օրինագիծն ընդունվի, որոշումները, որոնք մինչ այս կայացնում էին դատարանները, ինքնուրույն կկարողանա կայացնել գործադիր մարմինը, որը պատասխանատու կլինի ՀԿ-ների գրանցման և դրանց գործունեության վերահսկողության համար։
Փաստաբան Նարմին Ահմեդլին «Մուսավաթ» թերթին տված մեկնաբանության մեջ նշել է, որ 30 օրը բավարար չի լինի շատ ՀԿ-ների համար։ Նա ասել է, որ կանոնադրությունների փոփոխությունը պահանջում է ներքին ֆինանսական վերահսկողության կանոնների մշակում, ինչը ժամանակ է պահանջում։ Իրավաբան Բախտիյար Հաջիևը, իր հերթին, հիշեցրել է, որ այս պահանջը վերաբերում է օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ գրանցված բոլոր հասարակական միավորումներին և հիմնադրամներին։
Նվազագույն կանոնադրական կապիտալը 100․000 մանաթի հասցնելը զգալիորեն կբարդացնի փոքր նախաձեռնությունների գրանցումը՝ որպես հիմնադրամներ։ Համեմատության համար նշենք, որ այդ գումարը մոտավորապես 85 անգամ գերազանցում է երկրում միջին ամսական աշխատավարձը։
Օրենսդրական նախկին խստացումների մասին
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում ՀԿ-ների մասին օրենսդրությունը խստացվում է։ 2014 թվականի փետրվարին նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր մոտ 50 փոփոխություն։ Դրանք արգելում էին չգրանցված դրամաշնորհային պայմանագրերի հետ կապված բանկային գործարքները, սահմանում էին պահանջ, որ օտարերկրյա ՀԿ-ների մասնաճյուղերի ղեկավարների պաշտոններում նշանակվեն Ադրբեջանի քաղաքացիներ, ենթադրում էին նաև տուգանքների ավելացում։ ՀԿ-ների ֆորումի այն ժամանակվա նախագահ Գուբադ Իբադօղլուն հայտարարել էր, որ այդ փոփոխությունները լրջորեն կսահմանափակեն քաղաքացիական հասարակության գործունեությունը։ Մտահոգություն էին հայտնել նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները։
2025 թ․-ի հուլիսին ընդունվեցին օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվող ծառայությունների մատուցման պայմանագրերի գրանցման նոր պահանջներ, սահմանվեցին լրացուցիչ տուգանքներ։ Իր 2024 թվականի զեկույցում Human Rights Watch-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց վերանայել ՀԿ-ների մասին օրենսդրությունը՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։
«Դրամաշնորհների գործի» ֆոնին
Օրինագիծը քննարկվում է ՀԿ-ների ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումների ֆոնին: 2025 թ․-ի փետրվարին Գլխավոր դատախազությունը վերսկսեց, այսպես կոչված, «դրամաշնորհների գործի» քննությունը, որը հարուցվել էր 2014 թվականին և կասեցվել 2022 թվականին: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այդ ժամանակից ի վեր քաղհասարակության առնվազն 50 ներկայացուցիչներ հարցաքննվել են՝ որպես վկաներ կամ կասկածյալներ:
Գյանջայի տարածաշրջանային հասարակական կենտրոնի ղեկավար Ասեֆ Ահմեդովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ Ubuntu սոցիալական աշխատանքի ասոցիացիայի ղեկավար Զամին Զաքիևը՝ 7 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատախազությունը պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել Քաղաքացիական իրավունքների ինստիտուտի ղեկավար Բաշիր Սուլեյմանլիին: Մեղադրյալները հերքում են առաջադրված մեղադրանքները և պնդում, որ գործել են օրենքի շրջանակներում:
Դեռևս չի հայտարարվել, թե ով է մշակել օրինագիծը կամ որ պետական մարմինը պատասխանատու կլինի ՀԿ-ների վերագրանցման համար: Պաշտոնական մարմինները չեն պարզաբանել նաև առաջարկվող փոփոխությունների նպատակը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀԿ-ների վերագրանցումը Ադրբեջանում