«Հիմնական բնազդ»․ թե ինչպես ռուսական ԱԳՆ–ն վիրավորեց Սերբիայի նախագահին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սոցցանցերում կատարած վիրավորական հրապարակումը՝ Սերբիայի նախագահի հասցեին, վրդովմունքն է առաջացրել այդ երկրում։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Վաշինգտոն էր այցելել, որտեղ ԱՄՆ միջնորդությամբ Կոսովոյի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիր էր կնքել։
Զախարովան այդ իրադարձությունը մեկնաբանել էր այնքան գռեհիկ ձևով, որ դա դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։
• Չեչնիայի ղեկավարն ԱՄՆ պատժամիջոցներին երկու գնդացիրներով է պատասխանել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր վերահրապարակել Սպիտակ տան հանդիպումից, որում Սերբիայի նախագահը նստած է կաբինետի կենտրոնում դրված աթոռին, իսկ ԱՄՆ նախագահը՝ նրա դիմաց, սեղանի մոտ։
Այդ լուսանկարին նա կցել էր մեկ այլ լուսանկար՝ «Հիմնական բնազդ» ֆիլմի կադրերից մեկի սքրինշոթը, որտեղ հերոսուհին ոստիկանական բաժանմունքում ոտքը ոտքի վրա է գցում՝ ոստիկանների ուշադրությունը շեղելու համար։
Այդ կոլաժի տակ Զախարովան գրել էր․
«Եթե ձեզ Սպիտակ տուն են հրավիրել, իսկ աթոռն այնպես են դրել, ասես հարցաքննության եք, նստեք #2 լուսանկարում պատկերված դիրքով։ Ով էլ լինեք։ Պարզապես հավատացեք»։
Սերբիայի նախագահը պատասխանել էր, որ «ենթագիտակցությունն ամենաշատն է խոսում մարդու մասին, Մարիա Զախարովան ամենից շատ իր մասին է խոսել, պրիմիտիվիզմն ու պարզեցվածությունն ավելի շատ խոսում է նրա և այն անձանց մասին, ովքեր դա հրապարակել են»։
«Նրանք չեն գնահատում այն, որ Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր է և չի պատրաստվում ՆԱՏՕ–ին անդամակցել, միակ երկիրն է, որը նրանցից գազ ու զենք է գնում։
Ես չեմ բացատրելու ուրիշների պրիմիտիվիզմն», — ասել է Վուչիչը։
Զախարովան դրանից հետո նեողություն է խնդրել՝ հայտարարելով, որ իր գրառումը սխալ է մեկնաբանվել։