Հարավային Օսիան վերանվանելու վերաբերյալ հանրաքվե է նշանակվել
Հարավային Օսիայի նախագահը հանրաքվե է նշանակել Հարավային Օսիայի Հանրապետությունը «Հարավային Օսիա – Ալանիայի պետություն» վերանվանելու վերաբերյալ:
Լեոնիդ Թիբիլովի հրամանի համաձայն՝ Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ հանրապետության նախագահի ընտրությունների հետ մեկտեղ:
Հարցն այսպես է ձևակերպված.
«Արդյո՞ք համաձայն եք Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության հոդված 1, մաս 1-ում փոփոխություններ մտցնելուն՝ այն հետևյալ խմբագրությամբ գրանցելով. «1. Հարավային Օսիայի Հանրապետությունը-Ալանիայի պետությունն ինքնիշխան ժողովրդավարական իրավական պետություն է, որը ստեղծվել է Հարավային Օսիայի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման արդյունքում: Հարավային Օսիայի Հանրապետություն և Ալանիայի պետություն անվանումները հավասարազոր են»»:
Հարավային Օսիայի նախագահը հայտարարել է, որ «երկիրը պետք է կրի նրանց անունը, ովքեր այն ստեղծել են, և ալանական պետականության վերածննդի հետ միասին պետք է վերածնվի նաև Ալանիայի հին անվանումը»:
===========
Հանրաքվեի մասին որոշումը Թբիլիսիի բացասական արձագանքն է առաջացրել: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր հատուկ հայտարարությունում նշել է, որ «պլեբիսցիտը, ընտրություններն ու ցանկացած այլ գործողություն, որը ժողովրդի կամքի արտահայտում է պահանջում, չի կարող իրագործվել օտարերկրյա պետության կողմից օկուպացված տարածքում, որտեղից տեղահանվել է տեղի բնակիչների մեծ մասը, որտեղ էթնիկ զտումներ են տեղի ունեցել և որի հանդեպ արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնությունը»:
Մարգվելաշվիլին Ռուսաստանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները, իսկ միջազգային հանրությանը՝ խոչընդոտել Վրաստանի ինքնիշխանության խախտման հերթական քայլը:
- Հանրաքվե անցկացնելու և հանրապետության անվանումը Ալանիայի փոխելու նախաձեռնությամբ Լեոնիդ Թիբիլովն առաջին անգամ հանդես է եկել 2015թ-ի դեկտեմբերին:
- Ալանիան միջնադարյան պետության անվանում է, որը ստեղծվել է քոչվոր իրանախոս ալաններ ցեղի և տեղի կովկասյան ցեղախմբերի կողմից: Այն գոյություն է ունեցել առաջին հազարամյակի սկզբից մինչև 14-րդ դարի կեսերը: Հին Ալանիայի պատմական ժառանգությանը օսերից բացի հավակնում են նաև Հյուսիսային Կովկասի այլ ժողովուրդները:
- Ներկա պահին Ալանիա անվանումը պաշտոնապես առկա է միայն մեկ պետության անվանման մեջ՝ Հյուսիսային Օսիա-Ալանիայի:
JAMnews-ի նյութը՝ մանրամասներով և փաստարկներով, այստեղ:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն: