ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը
Յուրի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պաշտոնապես կստանձնի 2017թ-ի մայիսի 2-ին և կղեկավարի կառույցը 3 տարի:
Յուրի Խաչատուրովի թեկնածությունն առաջադրվել և միաձայն ընդունվել է ՀԱՊԿ առաջնորդների կողմից Բիշքեկում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2008թ-ից: 2016թ-ին նշանակվեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Հայաստանի ներկայացուցիչը, ռոտացիայի համաձայն, պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցներ դեռևս 2016թ-ին: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաստատման մասին հարցը մի քանի անգամ հետաձգվեց: Սկզբում՝ 2016թ-ի հոկտեմբերին, կազմակերոպության՝ Երևանում կայացած գագաթնաժողովին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով: Այնուհետև՝ դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով:
Հայ փորձագեները դա դեմարշ համարեցին Ղազախստանի և Բելառուսի կողմից: Նրանց կարծիքով՝ դա կապված էր այն բանի հետ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ գեներալներից մեկի նշանակման վերաբերյալ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանը: