Հայ ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վ. Պերմյակովին արտահանձնել են Ռուսաստան
Հայաստանի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն արտահանձնվել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Դեռևս մայիսի 3-ին նախարարությունը հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում Պերմյակովին արտահանձնելու վերաբերյալ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 4-ին, ՌԴ դատարանն արդեն որոշում կայացրեց, որ Պերմյակովը պատիժը կկրի հայրենիքում:
Պերմյակովը հայկական դատարանի առջև կանգնեց և 2016թ-ի օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման Ավետիսյանների ընտանիքի սպանության համար: Իսկ Գյումրիում ՌԴ կայազորային ռազմական դատարանը սպանության քրեական գործից առանձնացված գործով դրանից դեռևս մեկ տարի առաջ՝ 2015թ-ի օգոստոսի 12-ին Պերմյակովին մեղավոր էր ճանաչել ՌԴ ՔՕ երեք հոդվածով՝ դասալքություն, զենքի հափշտակություն, դրա ապօրինի կրելը, և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Պայմանավորվածության հիմքում, ինչպես մեկնաբանել է ՀՀ արդարադատության նախարարությունը, «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիան է:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:
Այս առնչությամբ քննարկումներ են ծավալել նաև ֆեյսբուք-ում գրանցված հայ օգտատերերը: Ահա նրանց գրառումներից մի քանիսը.
«Պերմյակովին բռնել են Հայաստանում ու բռնել են սպանության համար, որը նա արել է Հայաստանում ու թքած թե էդ գործոնները ինչքանով են տեղավորվում ՌԴ սահմանադրության մեջ, մենք ՌԴ-ում չենք ու իրան սահմանադրությունը անձամբ ինձ համար նույնիսկ ավելի ցածր նշանակություն ունի, քան մերը… Բա դուք թասիբ չունե՞ք»:
«Մենք ապրում ենք Ռուսաստանում»:
«Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ և սուվերեն պետություն, չի կարողանում պատժել այն տականքին, որը սպանել է իր քաղաքացիներին: Իսկ ով կարող է երաշխավորել, որ Պերմյակովը ՌԴ-ում պատիժ կրելուց մի քանի տար անց, երբ կմոռացվի այդ դեպքը, ազատ չի արձակվի: Ոչ ոք ոչ մի երաշխիք տալ չի կարող»: