Հայ գրոսմայստերը Թբիլիսիում անցկացվող մրցույթում արժանացավ աշխարհի շախմատի գավաթին
Հայազգայի գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթակիր:
«Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի մրցաշարարերին: Ես գիտեի, որ անպայման կհաղթեմ։ Շատ դժվար էր, լարվածություն կար, բայց կարողացա դիմանալ: Արագ շախմատի և բլիցի խաղերը շատ բարդ էին»,- լրագրողների հետ զրույցում հաղթանակից հետո ասել է հայ գրոսմայստերը:
Հայ գրոսմայստերը միակ շախմատիստն է, ով երկու անգամ է դարձել աշխարհի գավաթակիր: Առաջին գավաթը նա վաստակել է 2005 թվականին: Այս հաղթանակը նրան հնարավորություն է տալիս մասնակցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին, որը տեղի կունենա Բեռլինում 2018 թվականի մարտին։
Արոնյանի կարծիքով, իր հաջողության գաղտնիքն իրեն շրջապատող մարդկանց հավատն է:
«Մի օր, երբ եկա տուն, Արիանան [ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոլին Լևոն Արոնյանի հարսնացուն է` խմբ.] ասաց՝ դու դա պետք է անես: Դրանից հետո շատ բան փոխվեց»,- խոստովանել է շախմատիստը: Այս հաղթաակն էլ Արոնյանը նվիրել է իր հարսնացուին:
«Ես շատ հպարտ եմ նրանով։ Հուզմունքից սիրտս կանգնում էր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ պարտիայի ժամանակ։ Ես շատ եմ հպարտանում նրանով, ոչ ոք չգիտի, թե ինչ դժվարությունների միջով է նա անցել, որպեսզի հասնի հաջողության», – ասել է լրագրողներին Արիանա Կաոլին:
Արոնյանը նաև շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող է՝ Հայաստանի հավաքականի կազմում (2006, 2008, 2012 թվականներին) և բլիցի աշխարհի չեմպիոն (2010 թվական)։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում նա զբաղեցնում է չորրորդ տեղը 2802 միավորով։