Բաքու-Երևան բանակցությունների ռուսական և արևմտյան հարթակները․ ինչո՞վ են տարբեր
Հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակներ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ձևաչափերի շուրջ բանավեճերը Հայաստանում չեն հանդարտվում, հարթակներից ո՞րն է ավելի լավը` ռուսակա՞ն, թե՞ արևմտյան։ 2020 թվականի պատերազմից հետո դադարեց գործել միակ ձևաչափը, որի շրջանակներում քննարկվում էր ղարաբաղյան հակամարտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Վերջերս Մոսկվային զուգահեռ ակտիվորեն սկսել են աշխատել միջնորդները՝ ի դեմս Վաշինգտոնի և Բրյուսելի։ Միջնորդական առաքելությանը մասնակցություն է ունեցել Ֆրանսիան։ Գերմանիան մտադիր է միանալ դրան։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնգակողմ ձևաչափով (Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ) հանդիպման մասին։ Սակայն մինչ այդ՝ մայիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Պուտինի միջնորդությամբ։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ բոլոր հարթակներում քննարկվում են նույն հարցերը, սակայն փորձագետները պնդում են՝ դրանց վերաբերյալ մոտեցումներն ու շեշտադրումները տարբեր են։ Հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մեկնաբանությունը բանակցային հարթակների նմանությունների և տարբերությունների վերաբերյալ։
- Մադրիդյան սկզբունքներ․ Փաշինյանի, նախկին արտգործնախարարի և փորձագետի մեկնությունները
- «Որևէ իշխանություն իրավասու չէ»․ արձագանք Փաշինյանի ելույթին
- «Երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չենք վարում»․ Փաշինյան
Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար
Արևմուտքի միջնորդությունն ու ռուսական խանդը
«Կա երկու բանակցային հարթակ՝ արևմտյան (Վաշինգտոն և Բրյուսել) և ռուսական։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը չեն հակասում միմյանց, ավելին` ողջունում են բանակցային գործընթացը նաև ռուսական հարթակում։ Արևմուտքը դեմ չէ Ռուսաստանի ջանքերին, կարծում է, որ որքան շատ հարթակներ լինեն կողմերի միջև երկխոսության համար, այնքան լավ։ Իսկ Ռուսաստանը խանդով է վերաբերվում արևմտյան հարթակին։
Բայց նույնիսկ այս մոտեցման պարագայում երկու հարթակներն էլ աշխատում են զուգահեռաբար՝ պարանը ձգելով իրենց կողմը։
Ռուսաստանը ստիպված է ճանաչել բանակցությունների արևմտյան ձևաչափը՝ խաղից դուրս չմնալու համար։ ՌԴ-ն արդեն հասկացել է, որ կորցնում է Հայաստանը, իր ազդեցությունը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում։ Առաջին անգամ հայերը թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂ-ում հասկացան, որ Ռուսաստանը մեզ հետ չէ։
Այստեղ միշտ հավատարիմ են եղել ռուսական քաղաքականությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Մոսկվան ակնհայտ քայլեր էր անում հօգուտ Ադրբեջանի, հայերը փորձում էին նրանց համար արդարացում գտնել։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին, բավականին օբյեկտիվ հետազոտությունը վկայում է վերաբերմունքի փոփոխության մասին, թե Հայաստանում ում են համարում թշնամական երկիր, ում՝ բարեկամ, և Ռուսաստանը դա հրաշալի գիտի։
IRI-ի մայիսին հրապարակած տվյալների համաձայն՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Չինաստանի, ինչպես նաև հարևան Իրանի և Վրաստանի հետ։ Բայց հարցվածների գրեթե կեսը հայ-ռուսական հարաբերությունները «բացասական» է համարում։ Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերին տասը հոգուց ինը դրական էր գնահատել երկու երկրների հարաբերությունները։
Ինքը՝ Ռուսաստանն ունի միայն մեկ հարթակ Հարավային Կովկասում։ Նա աջակցություն չունի ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, որտեղ բուռն հակառուսական տրամադրություններ կան։ Հայաստանը ևս չկորցնելու համար Ռուսաստանը փոխում է իր հռետորաբանությունը, բայց ոչ քաղաքականությունը։ Իսկ գնացքն արդեն գնացել է»։
Ի՞նչ է քննարկվում և ո՞ր դիտանկյունից
«Երկու հարթակներում էլ օրակարգերը շատ նման են, բայց բովանդակությունը տարբեր է: Օրակարգում ընդգրկված են ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-ադրբեջանական հարաբերությունները, մասնավորապես` սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
Արևմուտքը ցանկանում է կայունություն տարածաշրջանում և Հայաստանի անկախության պահպանում, Ռուսաստանը՝ հակառակը։ Նա ուզում է, որ Հայաստանը զիջի ամեն բան՝ տրամադրի անկլավները, ինչպես նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանը պահանջում է Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, կորցնելով վերահսկողությունը այդ տարածքի նկատմամբ։
Ռուսաստանի այս մոտեցումը կապված է այլ տարածաշրջաններում նրա շահերի հետ։ Օրինակ՝ Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան իրեն որոշակի առավելություններ է խոստացել Սիրիայում, հետևաբար, թուրքերին հաճոյանալու համար հայերը պետք է «անկլավները» տան Ադրբեջանին։
Արևմուտքը Հայաստանի առաջ նման պայմաններ չի դնում։ Բայց ոչ այն պատճառով, որ մեզ շատ է սիրում, այլ այն պատճառով, որ չի ուզում Հայաստանը կորցնի իր անկախությունը։ Այնպես, ինչպես չի ուզում, որ Վրաստանը կորցնի իր անկախությունը»։
Ղարաբաղյան հիմնախնդիրը միջնորդների ընկալմամբ
«Արցախի հարցը քննարկվում է բոլոր հարթակներում։ ԱՄՆ-ն և Բրյուսելը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց իրավունքներն ու անվտանգությունն անպայման պետք է ապահովվեն՝ անկախ ԼՂ-ի կարգավիճակի նշաձողի մակարդակից։
Արևմուտքը ճանաչում է այնպիսի միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, և առաջարկում է ուղիղ բանակցություններ «Ստեփանակերտ-Բաքու» ձևաչափով միջազգային կազմակերպությունների կամ երկրների միջնորդությամբ։
Այդ միջազգային ձևաչափը Մինսկի խումբ 2-ի նման մի բան է, իսկ թե որ երկրներն են ներկայացված լինելու՝ այլ հարց է։
Եթե նախկինում այդ մասին խոսում էր միայն ԱՄՆ-ը, ապա մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Վաշինգտոնի բանաձևը կրկնեց նաև Բրյուսելը:
Ռուսաստանը նշում էր, որ հարցը պետք է թողնվի ապագային։ Սակայն մարտին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծեց Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտությունը։
Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան պաշտպանում է Հայաստանի վարչապետի դիրքորոշումը. ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները։ Նա նաև ասել էր, թե ինչպիսի իրավունքներ պետք է ունենան ԼՂ հայերը. «Իրավունք մայրենի լեզվի, երեխաներին այդ լեզուն սովորեցնելու, աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու և. իրենց հայրենակիցների հետ որոշակի առևտրատնտեսական հարաբերություններ ունենալու այնպես, ինչպես Կոսովոյի սերբերը»։
Նման բանաձևեր են, պարզապես Ռուսաստանը անվտանգության ապահովումը թողնում է ռուս խաղաղապահների վրա։ Այս հարցի շուրջ հարթակներում առանձնահատուկ տարբերություններ չեմ տեսնում»։
Տարածքային ամբողջականություն և ինքնորոշում
«Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի իշխանության ճիշտ գիծն է՝ չնայած կոշտ քննադատություններին, մասնավորապես՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ բանակցություններն ընթանալու են «Ստեփանակերտ-Բաքու» ձևաչափով։
1991 թվականին նման փաստաթղթեր է ստորագրել նաև Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն դրանցով Արցախը չի դարձել Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այն ժամանակ էլ էին ասում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղն ինքնորոշվում է Ադրբեջանից, դա բոլորովին այլ գործընթաց է։
Այսօր Արևմուտքը «Բաքու-Ստեփանակերտ» բանակցային ձևաչափի իր նախաձեռնությամբ մի կողմից օգնում է մեզ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, մյուս կողմից աջակցում է Արցախին ինքնորոշվել՝ որպես առանձին սուբյեկտ։
Իհարկե, երբ խոսում են հայերի իրավունքների ապահովման մասին, ի թիվս այլ բաների նկատի ունեն նաև ինքնորոշման իրավունքը, թեև այդ եզրույթը չեն գործածում։ Չեն օգտագործում, որովհետև Հայաստանի իշխանությունը խուսափում է այդ տերմինից։
Ինչի հետ է դա կապված, չեմ կարող ասել։ Դա կարելի է բացատրել հարցի կարևորությունը չհասկանալու հանգամանքով, իշխանությունների փորձի բացակայությամբ, Ադրբեջանի ճնշումներով, որը պայման է դնում՝ «ինքնորոշում» տերմինը չպետք է լինի, այլապես ոչինչ չի ստորագրվի։
Բայց «Ստեփանակերտ-Բաքու» ձևաչափը միջազգային շրջանակներում ինքնաբերաբար նշանակում է Լեռնային Ղարաբաղի ճանաչում՝ որպես ձայնի և ինքնակառավարման իրավունք ունեցող միավոր։ Իսկ դա հավասարազոր է ինքնորոշման»։
Հաղորդակցությունների ապաշրջափակում և ռուսական ճնշում՝ հօգուտ Բաքվի
«Հայաստանը համաձայն է վերականգնել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգիծը և պատրաստ է տրամադրել նաև ավտոմոբիլային ճանապարհներ։ Բայց դրանք չպետք է լինեն արտատարածքային։ Սա կարմիր գիծ է Հայաստանի համար, և ճիշտ է։ Երևանը մտադիր է վերահսկել իր ճանապարհները և համաձայն է, որ Ադրբեջանն էլ վերահսկի իր այն ճանապարհները, որոնք կտրամադրի Հայաստանին։
Խնդիրն այն է, որ արտատարածքային միջանցք է պահանջում ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանը։ Նա ուզում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն «միջանցքը» վերահսկի առանց հայկական կողմի մասնակցության։
Կարծում եմ, որ ճանապարհային անվտանգությունը կարելի է թողնել ԱԴԾ-ին, բայց ճանապարհը չպետք է լինի արտատարածքային։
Արևմտյան հարթակում այս հարցը այլ կերպ էր քննարկվում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդգծել է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը և առաջարկել Համաշխարհային մաքսային կազմակերպության ծառայությունները, կառույցի, որը հաճախ օգնում է նման կոնֆլիկտային իրավիճակներում։
Եթե Ադրբեջանը չի ուզում, որ հայ մաքսավորները ստուգեն իրենց ապրանքները Հայաստանի տարածքում, ապա ՀՄԿ-ն կարող է ստանձնել այդ դերը, իսկ հայկական ծառայությունները պարզապես մոտակայքում կլինեն։
Բայց Ռուսաստանը առաջարկում է Ադրբեջանին ավելի շահավետ պայմաններ՝ ռուսական վերահսկողություն առանց հայերի։ Ընդ որում, Ռուսաստանն այդ մասին հայտարարում է պաշտոնապես։ 2022 թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական նամակ է ուղարկել Երևան՝ առաջարկելով սահմանի ողջ երկայնքով պարիսպ կառուցել, Մեղրիի երկաթուղին թողնել իրենց պրոտեկտորատի տակ՝ Հայաստանը դուրս մղելով այդ գոտուց։ Հայաստանի կառավարությունը մերժել է։
Այդ միջանցքը Ռուսաստանին անհրաժեշտ է առաջին հերթին տարածաշրջանում իր ազդեցության մեծացման, իսկ հետո՝ տնտեսական շահի համար։ Հայաստանի շահը պարզ է՝ չկորցնել իր տարածքները և Իրանի հետ սահմանը»։
Սահմանագծում և սահմանազատում
«Արևմուտքը պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել այդ հարցում։
Ամերիկացիներն առաջարկում են առաջնորդվել 1975 թվականի քարտեզներով, որոնց ի սկզբանե համաձայնել էր Ադրբեջանը դրանցում անկլավների առկայության պատճառով։ Բայց միևնույն ժամանակ ամերիկացիներն առաջարկում են այդ անկլավները թողնել Հայաստանին՝ Ադրբեջանում հայկական մեծ անկլավի՝ Արծվաշեն գյուղի դիմաց։
Չնայած այն հանգամանքին, որ Արծվաշենը երկու անգամ մեծ է ադրբեջանական փոքր անկլավներից և ռազմավարական առումով շատ կարևոր է որպես տարածք Ադրբեջանի կազմում, նման փոխզիջումը մեզ ձեռնտու է։ Քանի որ ճանապարհների հետ կապված բոլոր խնդիրները կվերանան։ Մենք կվերահսկենք դեպի Վրաստան, Իրան և Արցախ տանող բոլոր ճանապարհները։
Բայց Ադրբեջանը սկզբում համաձայնեց, իսկ հետո մտափոխվեց։ Նա կարծում է, որ ուժեղ է և կարող է պարզապես վերցնել այն, ինչ իրեն պետք է։
Ռուսաստանը պնդում է,որ հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվի՝ ըստ իրենց քարտեզների, սակայն չի նշում, թե որ թվականների։ Ռուսաստանում կոռուպցիան շատ խորն է. ռուս գեներալները սիրում են փող, իրենց հայեցողությամբ գծած քարտեզ կբերեն ու Բաքվին հաճոյանալու համար կվերագծեն սահմանները, միայն թե նա հաշվի առնի ռուսական խնդրանքները։ Դրա համար էլ Ադրբեջանը հրաժարվեց Արևմուտքի առաջարկից։
Հայաստանի շահերին համապատասխանում են 1926-29 թթ. քարտեզները, երբ իրականացվել է խորհրդային ժամանակաշրջանի միակ՝ իրավաբանորեն հիմնավորված սահմանների սահմանազատումը։ Անդրկովկասյան երեք հանրապետությունները 1923 թվականից հետո մտան Խորհրդային Միություն՝ պայմանագիր կնքելով ՌՍՖՍՀ-ի հետ, իսկ մի քանի տարի անց սահմանագծեցին ու սահմանազատեցին իրենց սահմանները։ Եթե առաջնորդվենք 1926-29 թվականների քարտեզներով, ապա բոլոր անկլավները կհանվեն օրակարգից»։
Ինչպե՞ս առաջացան անկլավները
«Օրինակ՝ ադրբեջանական գյուղը Տավուշի հայկական գյուղի հետ պայմանավորվում էր հայկական արոտավայրերի օգտագործման մասին։ Դա տեղի էր ունենում գյուղական համայնքների մակարդակով՝ առանց պաշտոնական ձևակերպման։ 1960-ական թվականներից հետո ադրբեջանցիների կողմից օգտագործվող հայկական այդ հողերը առանց որևէ հիմնավորման քարտեզների վրա հայտնվեցին ադրբեջանական անկլավների տեսքով։
Եթե Հայաստանը Արբիտրաժային դատարան դիմի այսպես կոչված անկլավների հարցով, ապա դատարանը որոշում կկայացնի ի օգուտ 1926-29 թվականների քարտեզների, որտեղ կան Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ՌՍՖՍՀ բարձրագույն ղեկավարների ստորագրությունները, այսինքն՝ հօգուտ հայերի։
Հետաքրքիր է նաև այն, որ այդ տարիների քարտեզներում Լաչինի միջանցքը չկա։ Այդ տարածքը Ղարաբաղի մաս է կազմել՝ Հայաստանի հետ ընդհանուր սահմանով։ Նրանց միայն գետն էր բաժանում։ Ղարաբաղից Լաչինի տարածքի և Հայաստանից հողատարածքների անջատումը՝ մի գյուղ այստեղ, մյուսն՝ այնտեղ, բոլշևիկների շարունակական քաղաքականությունն էր։
Արևմուտքը հասկանում է մեր իրավացիությունը, բայց հաշվի է նստում այնպիսի իրողությունների հետ, ինչպիսին է Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, այդ իսկ պատճառով ուզում են փոխզիջում գտնել ու փակել հարցը»։
Հայաստանի իշխանությունները փորձ են ձեռք բերում
«Եթե վեց ամիս առաջ ես լուրջ դիտողություններ ունեի մեր իշխանություններին, ապա 2022 թվականի հոկտեմբերից հետո, երբ Հայաստանը եվրոպացի դիտորդներին հրավիրեց Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգ իրականացնելու, իմ դիտողությունները մեղմացան։
Այժմ բանակցություններ են ընթանում սահմանագծման և սահմանազատման շուրջ։ Հայաստանը սկսել է պաշտպանել իր շահերը, բայց ակնհայտորեն չունի միջազգային քաղաքականության և դիվանագիտության փորձ, ինչը թուլացնում է նրա դիրքերը։
Օրինակ՝ Ադրբեջանը կարողացավ առաջ մղել ականազերծման թեզը՝ հայկական կողմին մեղադրելով ճշգրիտ քարտեզներ չտրամադրելու մեջ, ինչի պատճառով ականների պայթյունից մարդիկ են մահանում։ Եթե Հայաստանի կողմից բանակցային գործընթացում ներգրավվածները փորձ ունենային, ապա Բաքվին կհիշեցնեին, որ Ադրբեջանն ինքն է հասել նրան, որ 2017 թվականին փակվել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը, որն էլ զբաղվում էր հենց այն տարածքների ականազերծմամբ, որտեղ այժմ ադրբեջանցիներ են զոհվում։
Բաքուն բարձրացնում է ադրբեջանցի փախստականների հարցն այն դեպքում, երբ կես միլիոն հայեր են վտարվել Ադրբեջանից։ Միայն վերջին վեց ամիսներին Նիկոլ Փաշինյանի ելույթներում լսեցինք Բաքվի, Սումգայիթի, Հադրութի, Շուշիի հայ փախստականների մասին։
Տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները չեն ներգրավում միջազգային մակարդակի, ուժեղ փորձագետների, որոնք ողջ կյանքում դրանով են զբաղվել, իսկ այդպիսիք Հայաստանում կան։
Ադրբեջանն ավելի փորձառու է։ Պարզապես անհնար է 2020 թվականին իրականացնել ամենադաժան ագրեսիան և չընկնել պատժամիջոցների տակ։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելն ու պատժամիջոցների տակից դուրս սողալն աներևակայելի է։ Իսկ Ալիևը կարողացավ, քանի որ նա միաժամանակ պայմանագրեր է ստորագրում ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ, անհրաժեշտ ուղերձներ հղում բոլորին, այդ թվում՝ արաբական երկրներին։ Նա խաղում է բոլոր ճակատներում։
Մի կողմ թողնենք, թե ումն է Արցախը։ Այն փաստը, որ Ադրբեջանը հարցերը լուծում է ուժով, նշանակում է միջազգային նորմերի խախտում։ Եվ ցանկացած երկիր, որը խախտում է այդ նորմերը, ավտոմատ կերպով հայտնվում է պատժամիջոցների տակ»։
Խաղաղության պայմանագիր
«Մայիսի 25-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Մոսկվայում։
Չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ բան կստորագրի, եթե նույնիսկ Հայաստանը զիջումների գնա։ Ալիևը հզոր աջակցություն ունի Մոսկվայից և Անկարայից, ուստի քանի դեռ նրանցից մեկը չի հեռացեկ խաղից, Ադրբեջանը կհրաժարվի ցանկացած փոխզիջումից։
Ադրբեջանը կարող է համաձայնել միայն Հայաստանի ամբողջական կապիտուլյացիային։ Դա միջանցքն է, անկլավները, Հայաստանի այն տարածքների պահպանումն իր ենթակայության տակ, որոնք գրավել է 2020 թվականից հետո, նաև պաշտոնական մակարդակով ամբողջական հրաժարում Ղարաբաղից։
Իհարկե, Հայաստանի համար վատ չէր լինի, եթե խաղաղության պայմանագիր կնքվեր, բայց այս պայմանները բացարձակապես ձեռնտու չեն։ Ժամանակը մեր օգտին է աշխատում։ Մինչ Ադրբեջանը սխալներ է թույլ տալիս, Հայաստանը պետք է օգտագործի այդ ժամանակը՝ կնքելով տնտեսական և ռազմական պայմանագրեր տարբեր երկրների հետ։ Ադրբեջանն այսօր առավելություններ ունի, բայց կարող է մեկ օրում կորցնել ամեն ինչ։ Ժամանակն է այդպիսին»:
Հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակներ