Հայտնի չեչեն իրավապաշտպանին վաղաժամկետ ազատ են արձակել կալանքից
Չեչնիայի հանրապետության դատարանը բավարարել է չեչեն իրավապաշտպան, «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության Չեչնիայի մասնաճյուղի ղեկավար Օյուբ Թիթիևին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը։
Թիթիևը բանտում էր թմրանյութերի պահպանման համար։ Ինչպես «Նովայա գազետային» հաղորդել է փատսբան Պյոտր Զայիկինը, դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի տասն օրից, հետևաբար, իրավապաշտպանն ազատ կարձակվի հունիսի 21-ին։
Իրավապաշտպանին կալանքից ազատ արձակելը ողջունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Պատիժը պետք է ծառայի որպես մարդու ուղղման և նրան ազատություն վերադարձնելու միջոց, որ նա ունակ և օգտակար լինի ընտանիքին և հասարակարությանն, այլ ոչ թե նրան ռեցիդիվիստի վերածելու համար։ Եթե դատարանն առաջին իսկ անգամից հնարավոր է համարել վաղաժամկետ ազատ արձակել Թիթիևին, վստահ եմ, որ քննվել են բոլոր հանգամանքներն ու անաչառ վճիռ է կայացվել», — գրել է նա։
Չեչնիայի դատարանը 2019 թ-ի մարտին Օյուբ Թիթիևին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման խոշոր չափի թմրանյութերի պահպանման գործով։ Դատարանում ասված իր վերջին խոսքում Թիթիևը հայտարարել էր, որ անմեղ է, որ քրեական հետապնդումը կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ։
Օյուբ Թիթիևին ձերբակալել էին 2018թ—ի հունվարի 9-ին Չեչնիայում, երբ նա ատամնաբույժի էր գնում։ Ոստիկանության աշխատակիցներն իրավապաշտպանի մեքենայում իբր 200 գրամ մարիխուանա էին հայտնաբերել։
Նրա պաշտպանը պնդում է, որ թմրանյութերը գցվել են մեքենա, իսկ նրա դեմ գործը սարքվել է քաղաքական դրդապատճառներով՝ «Մեմորիալի» իրավապաշտպան լինելու և հետաքննական աշխատանքների մասնակցելու պատճառով։
Ի պաշտպանություն Թիթիևի՝ բազմիցս հայտարարություններ են արել հայտնի ռուս և միջազգային գործիչներ, իսկ նրա քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով հանդես է եկել Եվրախորհրդարանն ու ԱՄՆ Պետական դեպարտամենտը։