Հայկական Գորիսը կհռչակվի 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Գորիս քաղաքը որպես 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի՝ ապրիլի 7-ին Տաշքենդում կայացած նիստի ժամանակ:
Այս կապակցությամբ Գորիսում կանցկացվեն տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում քաղաքին պաշտոնապես կշնորհվի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի բարձր կոչման վկայական:
««Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը ուղղված է ԱՊՀ երկրների միջև մշակութային երկխոսության խթանմանը և այս ոլորտում դրանց ներուժի միավորմանը: Այն նպատակ ունի բացահայտել մայրաքաղաքներից դուրս առկա ստեղծագործական ռեսուրսները և ամրապնդել ԱՊՀ ժողովուրդների մշակութային համագործակցությունը:
Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Համագործակցության երկրի կառավարության և մշակութային մայրաքաղաք հռչակված քաղաքի քաղաքապետարանի միջոցների հաշվին:
2013 թ-ի ընթացքում «Գյումրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացվել է մոտ 45 միջոցառում՝ միջազգային թատերական փառատոն, այդ թվում նաև` փողոցային թատրոնի, կատարողական արվեստի փառատոն, նախկին խորհրդային երկրների՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություն «Ֆրունզիկ Մկրտչյանի հետքերով» խորագրով, տարբեր ցուցահանդեսներ, գիտա-գործնական կոնֆերանսներ և այլն: