Հայկական բանակում շարունակվում են զինծառայողների մահվան դեպքերը՝ չպարզված հանգամանքներում
Հայկական բանակում շարունակվում են զինծառայողների մահվան դեպքեր գրանցվել։ Փետրվարի 12–ին միանգամից երկու զինծառայող է զոհվել Լեռնային Ղարաբաղի երկու տարբեր զորամասերում։ Տիգրան Մանվելյանն ու Տիգրան Մխոյանը 2000 թ–ին էին ծնվել։ Նրանք գլխի շրջանում հրազենային վնասվածք են ստացել և երկուսն էլ մահացել հիվանդանոց տեղափոխվելիս։
Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելը» հոդվածով։
• Հայաստանը պլանավորում է 2,5 մլրդ դոլար ներդնել բանակի զարգացման մեջ
• Հայաստանը շուտով ռուսական Սու–30 ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ է ստանալու
2020 թ–ի սկզբից հայկական բանակում խաղաղ պայմաններում արդեն 12 զինվոր է զոհվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը․
«2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։ Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն [ապրիլի հինգին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է նշանակվել, որն ակտիվորեն քննարկվում է իշխանությունների և հասարակության կողմից – JAMnews]։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»։
JAMnews–ը հետևում է իրավիճակին։ «Խաղաղության երկխոսություն» հասարական կազմակերպության հետազոտության արդյունքներով հրապարակման հղումը ներկայացնում ենք ստորև
• Մահերի պատճառները հայկական բանակում և այդ գործերի հետաքննությունը