Հայաստանում արդեն կարելի է տնից դուրս գալ և անգամ սրճարան գնալ․ չեղարկվել է արտակարգ դրության սահմանափակումների մեծ մասը
Պարետատան որոշմամբ՝ մայիսի 4–ից Հայաստանում չեղարկվել է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, թույլատրվել է նաև բիզնեսի մեծ մասի աշխատանքը։
Այս առնչությամբ երկրի բոլոր բնակիչներին կոչ են անում հետևել սանիտարական նորմերին և կանոններին, որոնք թույլ են տալիս խուսափել վարակվելուց և վարակը մյուսներին փոխանցելուց։
Փոխվարչապետ և արտակարգ դրության ժամանակահատվածում պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այժմ կարելի է աշխատանքի և անգամ սրճարան գնալ, սակայն իրավիճակի վատթարացման դեպքում կրկին խիստ սահմանափակումներ կկիրառվեն։
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ին, այն գործելու է մինչև մայիսի 14–ը։ Այսինքն՝ սահմանափակումների մեծ մասը չեղարկվում է նախքան կարանտինի ժամկետի ավարտը։
Միաժամանակ շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում։ Առաջին օրը չէ, որ Հայաստանում մեկ օրում գրանցվում է վարակման հարյուրից ավելի դեպք։
Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ վարակվածների թիվը մայիսի 4–ի առավոտվա դրությամբ ավելացել է 121–ով՝ հասնելով 2507–ի։ Ընդհանուր առմամբ, այս պահին ապաքինվել է 1071 հիվանդ, շարունակում է բուժում ստանալ 1393–ը։ Չի հաջողվել փրկել ևս չորս հիվանդի կյանք։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 39–ի։ Եվս 4 վարակված է մահացել այլ հիվանդություններից։
Ի՞նչ է արդեն թույլատրված, և ի՞նչն է դեռ արգելված
Չեղարկվում է ազատ տեղաշարժի սահմանափակումը։ Սա նշանակում է, որ այժմ քաղաքացիներն ազատվել են տնից դուրս գալիս «տեղաշարժի ձևաթուղթ» լրացնելու անհրաժեշտությունից։ Դրանում մարդիկ գրում էին, թե որտեղից և ժամը քանիսին են դուրս եկել, ուր են գնում և երբ են ենթադրում վերադառնալ։
Ինչ վերաբերում է բիզնեսի աշխատանքին, ապա մայիսի 4–ից չեղարկվել են մանրածախ և մեծածախ առևտրի սահմանափակումները։ Եթե նախկինում աշխատում էին միայն մթերային խանութներն, ապա այժմ բացվելու իրավունք են ստացել բոլորը՝ բացառությամբ խոշոր առևտրի կենտրոնների և հանրախանութների։
Բացվում են վերամշակող արդյունաբերության, տեքստիլի, կահույքի և կոշիկի ձեռնարկությունները։
Աշխատանքը վերսկսում են սրճարանների և ռեստորանների բացօթյա տարածքները։ Սակայն դեռևս չի կարելի հաճախորդներին սպասարկել փակ տարածքներում։
Մարզասրահները բացվում են՝ դեռ միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար։
Սկսել են աշխատել քիմմաքրման, գեղեցկության սրահները, վարսավիրանոցներն ու ավտոլվացման կետերը։
Ամբողջությամբ թույլատրված է տեղեկատվության և կապի ոլորտի աշխատանքը։
Դեռևս չի աշխատելու հանրային տրանսպորտը։ Այս արգելքը պահպանվում է, քանի որ, ըստ համաճարակաբանների, վարակի տարածման ռիսկը բարձր է հենց տրանսպորտից օգտվելու դեպքում։
Հաշվի առնելով, որ մայիսի 4–ից երկրի բնակիչների մեծ մասն աշխատանքի է վերադառնում, տրանսպորտի բացակայությունը կարող է մեծ խնդիր լինել։ Փաստացի, մարդիկ պետք է աշխատանքի գնան կամ անձնական մեքենաներով, եթե ունեն, կամ տաքսիով։
Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք վերսկսել են աշխատանքը, պետք է պահպանեն պարտադիր կազմակերպչական նորմերը, որոնք սահմանել է պարետատունը։ Դրանց խախտման դեպքում խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։
Ըստ պարետի՝ կուժեղացվի նաև վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ․
«Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել»։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։
Կառավարությունն անցնում է COVID-19–ի դեմ ապակենտրոն պայքարի
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում հետագա քայլերը մայիսի 3–ին «առանց փողկապերի հանդիպման» ընթացքում քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանը։
Այդ զրույցի ընթացքում, որն ուղիղ եթերով է հեռարձակվել, հնչել է վարչապետի գլխավոր հայտարարությունը․
«Սկսում ենք ապակենտրոն պայքար COVID-19–ի դեմ»։
Նրա խոսքով՝ պարետատունը շարունակելու է իր աշխատանքը, սակայն այժմ ողջ պատասխանատվությունը, նախևառաջ, լինելու է հենց երկրի քաղաքացիների վրա։
«Նոր շրջանը, որ սկսվում է, պայմանավորված է քաղաքացիների և բիզնեսի պատասխանատվությամբ։ Մենք նաև պատժիչ միջոցներ ունենք, որոնք կիրառվելու են անպատասխանատվության դրսևորման դեպքում», — հայտարարել է պարետը։
Իսկ առողջապահության նախարարն անդրադարձել է վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակի ավելացմանը։ Նրա կարծիքով՝ դա կապված է քաղաքացիների տեղաշարժի ակտիվացմամբ, ինչպես նաև հստակ օջախներով վարակի տարածման հետ։ Ընդ որում, աճել է նաև ծանր դեպքերի քանակը։
«Այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսով 65 հիվանդ ծանր վիճակում է, 35–ը՝ ծայրահեղ ծանր, 9 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին, ինչը դեռևս մեծ բեռ չէ առողջապահական համակարգի վրա», — ասել է Արսեն Թորոսյանը։
Փորձագիտական կարծիք
Երևանի գլխավոր ախտաբան, Ախտաբանների ասոցիացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը, պարետատան որոշումն անհիմն է համարում, քանի որ վարակվածների թվի ավելացման ռիսկ կա։ Ըստ նրա՝ ռեժիմի մեղմացման մասին որոշումը կարող էր արդարացված լինել միայն այն դեպքում, եթե վարակի գագաթնակետը հաղթահարված լիներ։ Իսկ այդ մասին տեղեկություններ դեռ չկան։
«Վիրուսը 100 տոկոսով կհաղթահարվի միայն այն ժամանակ, երբ կոլեկտիվային իմունիտետ ձեռք բերվի՝ մարդու օրգանիզմում ձևավորվեն վիրուսի հանդեպ հակամարմիններ․․․ Չենք կարող ասել՝ ՀՀ-ում քանի տոկոս բնակչության մոտ է ձևավորվել իմունիտետ, որովհետև դրա համար ամբողջ բնակչության թեստավորում պետք է արվի, ինչի ռեսուրսները դեռևս չունենք», — կարծում է փորձագետը։
Ըստ Մխիթարյանի՝ կարանտինի արդյունավետությունը նրանում էր, որ վարակման դեպքերի աճը տեղի էր ունենում աստիճանաբար։ Հենց դա էլ թույլ է տվել առողջապահական համակարգին լրջորեն զբաղվել ծանր դեպքերով։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցցանցերում արդեն քննարկվում է սահմանափակումների չեղարկման մասին կառավարության որոշումը։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Սա յուրօրինակ թե՞ստ է․․․ Իսկ չհասկացա՞ք, որ ձեր այդ թեստի որոշակի փուլն ուղղակի ձախողվեց։ Ի՞նչ իմաստ է լինելու հետագայում ինչ–որ բան խստացնելու, եթե հերթական ձախողումը լինի»։
«Ինձ ոստիկանությունը ոչ մի անգամ չի կանգնեցրել և չի ստուգել «տեղաշարժի թերթիկի առկայությունը»։ Այս ողջ ընթացքում բոլորը փողոց էին դուրս գալիս, զբոսնում խմբերով, հավաքվում և ֆուտբոլ, նարդի խաղում, խորոված անում։ Մի խոսքով՝ վերջին ամսվա ձեր գործունեությունը բացարձակ ոչ մի արդյունք չի տվել։ Շատ ափսոս, բայց շատ թույլ եք»։
«Շտապում եք։ Պետք էր մի–երկու շաբաթ էլ սպասել։ Բժիշկները մեղկ են»։
«Ճիշտ կլիներ հանրային տրանսպորտի աշխատանքն էլ վերսկսել հենց այն ձեռնարկությունների աշխատակիցների համար, որոնք վերսկսել են աշխատանքը։ Չէ՞ որ այդ մարդիկ ինչ–որ կերպ պետք է աշխատավայր հասնեն։ Տրանսպորտը չի աշխատում, միայն տաքսին։ Ո՞րն է տրամաբանությունը»։
«Այսինքն՝ սպասում էիք, որ վարակվածների թիվը մեկ օրում ուժեղ ավելանա, որ սկսեք մեղմե՞լ ռեժիմը։ Ցնցող տրամաբանություն է։ 30 օրից մեզ աղետ է սպասվում։ Իսկ այն, որ վարակվածների թիվը վերջին օրերին ավելանում է, միայն ցույց է տալիս ձեր կարանտինի որակը»։