Վրաստան․ արդյո՞ք զանգվածային թեստավորումն անհրաժեշտ է
Վրաստանում սկսել են կորոնավիրուսի թեստեր անցկացնել նրանց, ովքեր բարձր ռիսկի խմբում են։ Նախևառաջ, դա հիվանդանոցների բժշկական անձնակազմն է, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները, զինծառայողներն են, հոգեբուժարանների հիվանդները, հոգևորականներն, ինչպես նաև նրանք, ովքեր ապրում են ծերանոցներում, սահմանափակ կարողություններով անձանց պանսիոնատներում։ Բնակչության այդ հատվածի համար արագ թեստեր կանցկացվեն, և դրական պատասխանի դեպքում՝ մանրազնին PCR-հետազոտություն։
Ընդդիմությունն ու փորձագետների մի մասը քննադատորեն է գնահատում իշխանությունների գործողությունները՝ պնդելով, որ ստուգման նման համակարգն իրական պատկեր չի ձևավորի։ Դրա ամբողջականության համար պետք է ոչ թե նպատակային թեստավորում, այլ համընդհանուր։
Ապրիլի 30–ի տվյալներով՝ Վրաստանում պաշտոնապես գրանցված է կորոնավիրուսով վարակման 539 դեպք։ Կարանտնի մեջ է 5 256 մարդ, ստացիոնար վերահսկման տակ՝ 548 մարդ։ Ապաքինվել է 178 հիվանդ, մահացել են վեցը։
Միայն բնակչության համատարած թեստավորումը կատարվածի իրական պատկեր կտա, իսկ իշխանությունները պետք է ամեն օր հաշվետվություն ներկայացնեն ոչ միայն անցկացված թեստերի քանակի վերաբերյալ, այլև հաղորդեն, թե ում են թեստավորել, քանի բուժաշխատող է զննում անցել, կարծում է առողջապահության նախկին նախարար, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին։
- Կառավարության հակաճգնաժամային պլանը
- Վրացական զբոսաշրջության ճակատագիրը
- Սահմանափակումների չեղարկման կառավարության պլանը
Սակայն համաճարակի վերահսկման համար արդյունավետ է հենց նպատակային թեստավորումն, այլ ոչ թե զանգվածայինը, վստահ է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, կորոնավիրուսի վերահսկման կլինիկական խմբի ղեկավար Թենգիզ Ծերծվաձեն։ Նրա խոսքով՝ բնակչության համատարած թեստավորման դեպքում վարակվածների հայտնաբերման հավանականությունն աննշան է, և, ըստ էության, դա ռեսուրսների, ժամանակի և ուժերի վատնում է։
«Օրինակ՝ Գերմանիան և Իսրայելն ընտրել են համընդհանուր թեստավորման ուղին։ Արդյունքում՝ կարողացել են թեստավորել բնակչության ընդամենը երեք տոկոսը։ Բնականաբար, համաճարակի վերահսկման համար դա բավական չէ», — ասում է Ծերծվաձեն։ Եվ նրա հետ համակարծիք են Վրաստանի առաջատար համաճարակաբաններն ու վարակաբանները։
Օրինակ՝ նույն կարծիքին է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքով՝ երկրի ողջ բնակչությանը թեստավորելն անհնար է, և ոչ մի տեղ նման մոտեցում չկա։
«Գերմանիայում թեստավորում են միայն նրանց, ովքեր աշխտանիշներ ունեն։ Եվ մենք Վրաստանում որպես հիմք ենք ընդունել գերմանական մոդելը», — հայտարարել է Գամկրելիձեն։
Նա հաղորդել է, որ Վրաստանում արդեն 21 հազար PCR-թեստ կա։ Շուտով ձեռք կբերվի ևս 40 հազար։ Իսկ ամսվա վերջում թեստերի քանակը կկազմի 100 հազար։ Լուգարայի անվան լաբորատորիայում, ըստ Գամկրելիձեի, ամեն օր 700 անալիզ է իրականացվում, իսկ մայիսին այդ քանակը կհասնի 1 500-2 000–ի։
Փետրվարից Վրաստանում COVID-19–ի առկայության ստուգում է անցել 12 593 մարդ։ Ըստ www.worldometers.info–ի՝ Վրաստանում յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվարկով ստուգվել է 3 157 մարդ։ Սա Եվրոպայի ամենացածր ցուցանիշներից մեկն է, և դրանից պակաս է միայն Ուկրաինայի ցուցանիշը՝ 2 390 մարդ մեկ միլիոն մարդու հաշվարկով։ Հարևան Ադրբեջանում և Հայաստանում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 13 082 և 6 813։