Հայաստան․ ձերբակալված ընդդիմադիրների մի մասն ազատ է արձակվել
Նրանք ձերբակալվել էին հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել Հայաստանում։
17 քաղաքական կուսակցությունները, որոնք մինչ այդ արդեն միավորվել և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, իրենց համակիրների հետ բողոքի էին դուրս եկել այս փաստաթղթի ստորագրման դեմ։ Որոշ քաղաքական գործիչներ և ակցիայի մասնակիցներ ձերբակալվել էին։
Նոյեմբերի 12-ի կեսգիշերին ազատ է արձակվել ձերբակալված քաղաքական գործիչների մի մասը, մի քանիսն՝ ավել վաղ։ Ազատվածների թվում են
- ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,
- նրա կուսակից և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը,
- ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,
- «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինայնը,
- ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը,
- Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Բոլորի պաշտպանները հայնտնել են, որ դատարանն անիրավաչափ է համարել նրանց ձերբակալումը, նաև նշել են այս որոշումներն ընդունած դատավորների անունները և շնորհակալություն հայտնել արդարացի որոշում կայացնելու համար։
Այս քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի, ընդանուր առմամբ, 16 անձ, որոնցից 14-ը ձերբակալվել են։ Դրանց թվում են նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, քաղաքագետ Սուրեն Սահակյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Ըստ օրենքի՝ անձը կարող է ձերբակալված մնալ 72 ժամ, որից հետո վարույթն իրականացնող մարմինը կամ պետք է ազատ արձակի, կամ մեղադրանք առաջադրի նրան և ընտրի այդ մեղադրանքին համապատասխանող խափանման միջոց։