Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված մահացության վիճակագրությունը սկսել են այլ կերպ մատուցել
Հայաստանում սկսել են այլ կերպ ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված մահվան վիճակագրությունը։ Եթե նախկինում առողջապահության նախարարությունը կորոնավիրուսից մահացած անձանց մասին ընդհանուր տեղեկություններ էր տրամադրում, ապա այժմ առանձին հստակեցվում է դեպքերի քանակը, երբ հիվանդները վարակված են եղել կորոնավիրուսով, բայց մահացել են այլ հիվանդություններից։
Մայիսի 12–ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է մահվան այդպիսի 19 դեպք։
Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, երկրում 3 538 վարակված կա։ Մահացել է ևս մեկ հիվանդ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 47 մարդ։ Կորոնավիրուսով վարակված ևս երկու հիվանդ, ինչպես հաղորդում է առողջապահության նախարարությունը, մահացել է այլ պատճառներով, նրանց ընդհանուր թիվը կազմել է 19։
Ի՞նչ են ասում առողջապահության նախարարությունում
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե ինչու է փոխվել մահվան դեպքերի հաշվարկը։
«Մինչև այդ հաստատված դեպքերը, բնականաբար, կորոնավիրուսից են մահացել: Երբ որ մենք արդեն նման խնդիր ենք ունեցել, որ մահը լրիվ այլ պատճառով է վրա հասել, որոշել ենք վիճակագրությունը տարանջատել», — նշել է Ալինա Նիկողոսյանը։
Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախազգուշացնող կանխատեսում է արել․
«Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք»։
Նրա խոսքով՝ կլինեն կորոնավիրուսից ապաքինված հազարավոր հիվանդներ, ցավոք, նաև տասնյակ մահեր։
Արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի
Արդյո՞ք երկրում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի երկրորդ անգամ։ Այս հարցն ակտիվորեն քննարկում է ողջ երկիրը։
Համենայնդեպս, արտակարգ դրության պարետատունն իրադարձությունների նման զարգացումը չի բացառում։
Արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում հայտարարվել է մարտի 16–ին և պետք է ավարտվեր ապրիլի 14–ին։ Սակայն այն երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 14–ը։
Ընդ որում, մայիսի 4–ին սահմանափակումների մեծ մասը չեղարկվել է․ երկրի բնակիչներին թույլատրվել է ազատ տեղաշարժվել, սկսել է աշխատել ձեռնարկությունների մեծ մասը։
Միաժամանակ կտրուկ աճել է վարակման նոր դեպքերի քանակը։ Այս ողջ ընթացքում Հայաստանում վարակվածների թիվն օրական ավելանում է հարյուրով և ավելին։ Միայն մայիսի 11–ին է նոր դեպքերի քանակն ավելի քիչ եղել՝ 79 մարդ։
Պարետի խոսնակ Վահան Հունանյանի խոսքով՝ այդ առնչությամբ դիտարկվում է արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հարցը․
«Երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել․․․
Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»։
Եթե նման որոշում կայացվի, ապա, ըստ ամենայնի, արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով։