«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք» - Հայաստանի վարչապետ
Հուլիսի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 439-ով և դարձել 35 693:
Մահացել է ևս 16 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 678-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Առողջացել է ևս 560 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 24 766։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 149 898 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 1 718:
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը՝ հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական՝ վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար», — ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կոչ է արել շարունակել հետևել կանոններին․
«Կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեռքերը»։