Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով ամառային զորակոչը կկազմակերպվի հատուկ կանխարգելիչ միջոցառումներով
Ապրիլի 28-ին Նիկոլ Փաշինյանն Facebook-ի իր էջում ուղիղ միացման ընթացքում ասել է, որ այսօր պարետը նոր որոշումներ կհրապարակի տնտեսական գործունեության սահմանափակումների թուլացման վերաբերյալ․
«Առաջիկա 10 օրերին, եթե արտառոց որևէ բան չպատահի, քայլ առ քայլ գնալու ենք սահմանափակումների նվազեցման։ Տնտեսական գործունեության ոլորտները պետք է բացվեն, բայց առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոններ սահմանի յուրաքանչյուրի համար»։
Այդուհանդերձ, վարչապետի խոսքով, կպահպանվեն կրթական համակարգի սահմանափակումները՝ դեռ անորոշ ժամանակով։
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 59-ով և հասել 1867-ի։Բուժվածների թիվն ավելացել է 18-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 866: Շարունակում են բուժում ստանալ 971 մարդ: Կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 30-ի։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ մահացած պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Տեսանյութ․ Հայաստանի տնտեսությունը կկարողանա՞ արագ հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները
Կորոնավիրուսի տարածման պատճառով հատուկ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն ամառային զորակոչի ընթացքում։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ դրանք կկիրառվեն և նախապատրաստական փուլում, և բուն զորակոչի ընթացքում։
Ներկայացնում ենք մամուլի խոսնակի թվարկած միջոցառումները․
1. Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։
2. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։
3. Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։
4. Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։
5. Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետեւեն դրսից` տեսակապի միջոցով։
6. Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։
7. Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։
8. Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքներ։
9. Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։
10. Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։
11. Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։
12. Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։
13. Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։