Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի առողջապահական համակարգը կհասնի ծանրաբեռնվածության ծայրահեղ մակարդակի, որից հետո կսկսի շարքից դուրս գալ, բժիշկներն ի վիճակի չեն լինի սպասարկել հիվանդների նման հոսքն, ու առողջապական կենտրոնները կսկսեն տեսակավորել նրանց։
Այս մասին գրում է «Կավկազսկի ուզել» առցանց պարբերականի կայքի «Հարավային Կովկասի քաղաքական աշխարհագրությունը» բլոգի հեղինակը։
Կորոնավիրուսով վարակվածների մասին տվյալների վերլուծության հիման վրա նա կարծում է, որ բարձր ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանում վերակենդանացման բաժանմունքների հիվանդամահճակալային ողջ ֆոնդը հարկ կլինի տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին։ Իսկ դա կհանգեցնի հիվանդանոցների ներսում վարակման բռնկման և մահվան դեպքերի աճի։
- Հայաստանում կորոնավիրուսով անախտանիշ հիվանդները պարզապես կմեկուսացվեն տանը
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման կտրուկ աճ է գրանցվել, միաժամանակ գործարկվել է հանրային տրանսպորտը, բացվում են մանկապարտեզները
Մայիսի 25–ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային վիճակագրություն՝ մեկ օրում վեց մահ և վարակման 452 նոր դեպք։ Համաճարակի մեկնարկից ի վեր մահացել է 87 մարդ, վարակվել 7 113–ն, ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից 3 145 մարդ։
Հարավային Կովկասում կորոնավիրուսի գրանցված դեպքերի քանակը։ Կավկազսկի ուզել։
Հեղինակը մեկնաբանում է Հայաստանի իրավիճակը մայիսի 22–ի օրվա վերջի դրությամբ։ Ըստ նրա գնահատականների՝ երկրում 18.2 հազար վարակիչ հիվանդ կար (սա պաշտոնապես գրանցված թվից շատ ավելին է), իսկ մայիսի 25–ի օրվա ավարտին կլինի 25.3 հազար մարդ, և այս թիվն օրական աճելու է մոտ 12.5%–ով (կորոնավիրուսի տարածման բնական արագությանը մոտ)։
«Դա նշանակում է, որ աղետն արդեն տեղի է ունեցել, բայց հասարակությունն այդ մասին դեռ չգիտի», — գրում է հեղինակը։
«Ձախողված․․․ կարանտինը հանգեցրել է վարակման քանակի աննախադեպ աճի, չի օգնել պահպանել տնտեսական աճը, սակայն աղետալի հետևանքներ է ունեցել առողջապահության համար, որոնք աչքի կզարնեն մեկ շաբաթից։
Վերոգրյալը ոչ մի կերպ հնարավոր չէ կանխարգելել, սակայն անհրաժեշտ է շտապ խիստ կարանտին սահմանել՝ հետևանքների բարդացման կանխարգելման և իտալական սցենարից խուսափելու համար, որն ավելի ու ավելի իրատեսական է դառնում և իրականություն կդառնա հունիսի վերջին», — նշում է բլոգի հեղինակը։
Միաժամանակ Հայաստանի իշխանություններն արդեն հանել են գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին մարտի 16–ին՝ չնայած կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին։ Մայիսի 18–ին երկրում վերագործարկվել է հանրային տրանսպորտը, մայիսի 20–ից աշխատում են մանկապարտեզները։
Ավելի վաղ չեղարկվել էին տեղաշարժի սահմանափակումներն ու բացվել էին գրեթե բոլոր ձեռնարկությունները, խանութները, վարսավիրանոցները, թանգարանները։