Հայաստան է վերադարձվել ևս 5 գերի
Հայաստան է վերադարձել ևս 5 գերի։ Նրանց վերադրաձի մասին տեղեկությունն առաջինը Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ գերիների հայրենիք վերադարձը հնարավոր է դարձել ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էլ հայտնել է, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են։
«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգ հոգին էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր», – նշեց Ավագյանը։
Խոսքն այն 62 զինծառայողների մասին է, որոնց գերեվարման մասին հայտնի դարձավ 2020-ի դեկտեմբերի 16-ին, այսինքն ռազմական գործողությունների ավարտից հետո։
Ընդ որում, Ադրբեջանից հաղորդվում էր, որ բոլոր 62 հայ զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված։ Դա, ըստ Ավագյանի, բարդացրել է զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբն արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։
«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասել է նա։
Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է նաև, որ «այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»։
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Հայաստան է վերադարձվել 58 գերի և փոխանցվել է ադրբեջանական բանտում՝ գերության մեջ մահացած տարեց քաղաքացու մարմինը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանը 5 ռազմագերու դիմաց վերադարձրել է մեկ ադրբեջանցու:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի խոսքով, ռուսական կողմն իր ինքնաթիռով մեկ գերի է տեղափոխել Բաքու, հինգ մարդ էլ վերադարձրել Երևան: