Կանանց դիմանկարներ՝ կարտոֆիլի դաշտերից։ Լուսանկարներ և տեսանյութ Հայաստանից
Արևապաշտպան գլխաշորերով, աշխատանքային ձեռնոցներով, տաք հագուստներով, պարկերով ու մտահոգ ժպիտով: Այսպիսին են կարտոֆիլ մշակող կանայք։ Տարիներով դաշտի ծանր աշխատանքը կոփել է նրանց, կոպտացրել, էլ չեն տրտնջում:
«Հա, ծանր գործ է, ամեն աշխատանք էլ ծանր է, հեշտ փող չկա, մերը հողի աշխատանք է, հողին սերմը կուտանք, հետո հետ կվերցնենք», — ասում է Մայրանուշը:
Նա արդեն 10 տարի է գարնանը կարտոֆիլի պալարները «ի պահ» է տալիս հողին, որ աշնանը մեկի փոխարեն հողի տակից 10-15 հանի: Պատմում է, որ նախկինում օգնում էին տղամարդիկ, բայց նրանք գնացին խոպան, դաշտում արդեն գրեթե բոլոր գործերը կանայք են անում՝ ցանում, ոռոգում, տարբեր միջոցներով բույսը պաշտպանում ու բերքը հավաքում: Կիզիչ արևը, ցուրտն ու անձրևը չեն կարող խանգարել նրանց:
• Ինչի՞ համար են պայքարում կանայք։ Ֆեմինիզմի այբուբեն
• Ժողովրդագրական ճգնաժամ Հայաստանում. պատճառները և ելքերը
• Հայաստանում 6 անգամ ավելացնում են առաջին երեխայի համար նպաստը
Իսկ դաշտում թեյնիկից խմած սուրճը ամեն մեկի համար ամենասպասվածն է, հանգստացնողն ու առույգացնողը: Այդ պահին տրակտորի ձայնին փոխարինում է կանանց աշխույժ զրույցներն ու ծիծաղը:
Պատահականությամբ, թե հատուկ պայմանավորվածությամբ, կարտոֆիլի տեսակների մեծ մասն էլ կնոջ անուն ունեն՝ ագաթա, արիզոնա, մադելյա, մարֆոնա ու ամբիցիոզ… Միայն ավստրիական, հոլանդական ու շոտլանդական կարտոֆիլի նշված այս տեսակներն են հարմարվել Հայաստանի բնակլիմայական պայմաններին ու բարձր բերքատվություն են ապահովում:
Ամեն տարի սերմերի նոր տեսակներ են ներկրում ու 3-4 տարի փորձարկում են, որ տեսնեն, թե դրանք ինչպիսի բերք կտան Հայաստանի կլիմայական պայմաններում: Հաջողված տեսակների սերմերը վաճառում են ֆերմերներին ու գյուղացիներին, որ տեսականու բարելավում ապահովվի ու բերքատվությունը բարձրանա:
«Բայց էս տարի էնքան էլ լավ բերք չէղավ: Եղանակը լավը չէր: Կարկուտը բերքը ոչնչացրեց, դաշտ կա 50 տոկոսը թողինք դաշտի մեջ», — ասում է տիկին Անժելան:
Եթե նախորդ տարիներին ամեն մի հեկտարից հավաքել են 30-35 տոննա կարտոֆիլ, այս տարի հազիվ դրա կեսը հավաքեն:
Հայաստանի բոլոր տարածաշրջաններում արդեն ավարտում է կարտոֆիլի բերքահավաքը: Բոլոր ֆերմերներն են հավաստում. բերքը քիչ է սպասվածից, ու դա անհետևանք չի մնացել: Շուկայում կարտոֆիլի գինը թանկացել է:
«Թանկացում կսպասվի, որովհետև քիչ է բերքը: Չնայած անկանխատեսելի է: Կախված է իրացումից: Շատ ռիսկային ու անկանխատեսելի է շուկան, կարող է թանկ մնա գինը, կարող է էնքան էժանանա մնա գյուղացու վրա, գարունը փչանա թափե», — իր մտահոգություններով կիսվեց 25 տարի Ազատան գյուղում կարտոֆիլագործությամբ զբաղվող Լուսիկ Թովմասյանը:
Բայց իրացումից ու գնից առաջ, կա մի կարևոր «ծես»: Դաշտում կարտոֆիլի փուռ սարքելը՝ հողից ստացված բարիքը հողում խորովվում է: Ստացված բերքի առաջին գնահատական տվողը դաշտում աշխատող մարդիկ են: