Հայաստան-Արցախ ճանապարհը բացվել է մարտական դիրքում նռնակի նետման միջադեպից հետո
Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքը նոյեմբերի 13-ի առավոտյան ժամը 10-ից վերաբացվել է՝ վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպի պատճառով փակվելուց հետո։
Առավոտյան ժամը 7-ին Շուշիի մերձակայքում գտնվող համատեղ դիրքի մոտ, որտեղ հերթապահում են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցի զինծառայողները, տաքսիից մի տղամարդ է իջել և նռնակ նետել ադրբեջանցի զինվորականների ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով առնվազն երեք մարդ վիրավորվել է, հայտնում է caliber.az-ը։
- Մաքսատուրքեր՝ «միջանցքի» փոխարեն․Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանն անցակետեր կտեղադրի
- Արցախում ադրբեջաներեն են սովորում, Ադրբեջանում՝ հայերեն․ ո՞րն է պատճառը
Տեղեկություն Բաքվից
Հաղորդվում է, որ նռնակը նետել է 1975 թվականին ծնված, ենթադրաբար Արցախի բնակիչ Նորայր Միրզոյանը։ Նրան ձերբակալել են ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Բաքուն պահանջում է հանձնել նրան Ադրբեջանին։
Տեղեկություն Երևանից
«Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում», — իրադարձությունների այսպիսի վարկած է ներկայացրել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։
Times.am-ի կայքը, սակայն, հրապարակել է իրադարձությունների հետևյալ վարկածը.
«Ըստ մեր տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ»։
Times.am-ը հայտնել է նաև, որ նույնիսկ շտապօգնության մեքենաներին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին։
Արցախի ԱԱԾ-ն հաղորդում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առաջիկայում»։