Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է սահմանամերձ գյուղի գնդակոծման մասին։ Ադրբեջանը պնդում է, որ դա պատասխան կրակ է եղել
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում իր էջում գրել է ադրբեջանական կողմից հայկական սահմանամերձ գյուղի գնդակոծման մասին։
«Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ», – տեղեկացրել է Շուշան Ստեփանյանը։
Մամուլի քարտուղարը հաղորդել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերը դադարել են կրակել հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում։ Տուժածներ չկան։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 13–ին՝ ժամը 12:00–ից սկսած, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Աբասբեյլի գյուղը։
Կրակը բացել են Հայաստանի Բերքաբեր գյուղի մոտ տեղակայված ստորաբաժանումները խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահար հրացաններով։ Մի քանի բնակելի տների տանիքներ վնասվել են։
Մամուլի ծառայությունը հայտարարում է, որ «սադրանքը կասեցվել է, Հայաստանի ԶՈւ մարտական դիրքերը ճնշվել են պատասխան կրակով»։