Հայաստանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 11 անդամները։ Նրանցից 7-ը, այդ թվում՝ հանձնաժողովի ղեկավարը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներ են։
Ընդդիմադիր երկու ուժերը համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ չեն մասնակցելու իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Հանձնաժողովի ստեղծումը, ընդդիմության հայտարարությունը, ինչպես նաև փորձագիտական կարծիք:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո քննիչ հանձնաժողովի ստեղծումը բազմիցս դարձել է քննարկման առարկա։ Հանձնաժողովի ստեղծումը, սակայն, իրականություն դարձավ պատերազմից տևական ժամանակ անց։ Մինչ այդ իշխանությունները հայտարարում էին, թե նման հանձնաժողովի ստեղծումը կքաղաքականացվի։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնց մեծ մասը իշխող խմբակցության ներկայացուցիչներ են։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ունի 3 անդամ, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, թե ինչ կարգավիճով՝ պարզ կլինի առաջին նիստին, երբ հաստատվի հանձնաժողովի աշխատակարգը։
Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատերազմի հանգամանքները, այդ թվում՝ պատերազմի բռնկումը, զինվորականների գործողությունները, զորքերի համալրման և հետախուզական աշխատանքները, կորուստներն ու պարտության պատճառները։
Հանձնաժողովի անդամները հասանելիություն են ունենալու նաև գաղտնի փաստաթղթերի։
Նրանք իրավունք ունեն պահանջել ու ստանալ պաշտպանական ոլորտին առնչվող, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր, հրավիրել պաշտոնյաների կամ անձանց, որոնք պատերազմի վերաբերյալ տեղեկությունների են տիրապետում։ Հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ Քննիչ հանձնաժողով, մյուս հրավիրյալների ներկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
Ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքին
Ընդդիմադիրները ասում են՝ հանձնաժողովը չի կարող անկողմնակալ լինել, երբ անդամների գերակշիռ մեծամասնությունը իշխող ուժի ներկայացուցիչներ են։ Կարծում են՝ հանձնաժողովն ամեն ինչ անելու է ոչ թե պատերազմի հանգամանքները պարզելու, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պատասխանատվությունից ազատելու, մեղքը «նախկինների» վրա բարդելու համար։
«Իշխանությունը փորձելու է ամբողջությամբ իշխանության վերին էշելոններից դուրս բերել պատասխանատվության հարցը, փորձելու է այն բարդել Զինված ուժերի վրա, նրա առանձին օղակների վրա, բոլոր կողմերի, բացի քաղաքական վերնախավում գտնվող անձանցից», — «Ազատության» հետ զրույցում նշել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Սա նման հանձնաժողով ունենալու առաջին փորձը չէ Հայաստանում։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները ևս ուսումնասիրվել են քննիչ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը՝ զեկույցը, սակայն, այդպես էլ չհանձնվեց հանրության դատին։
«Պատիվ ունեմ» խմբակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ «Հայաստանը» չէր հայտնել իր որոշման մասին։
Հանձնաժողովի ստեղծումից մեկ օր անց՝ փետրվարի 11-ին խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ «չեն մասնակցելու իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։
«Իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաև իշխանության և նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների՝ մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը»,- ասված է հայտարարությունում։
Ընդդիմադիր ուժերը համոզված են՝ քննիչ հանձնաժողովը զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից և լծված է լինելու իշխանությունների «անմեղության» բեմադրությանը։
Այս հիմնավորումն են ներկայացրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ վերահաստատելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Իշխող ուժը ընդդիմության վարքագիծը դիտարկում է որպես սաբոտաժ և վստահեցնում՝ ունեն իրականությունը բացահայտելու քաղաքական կամք, նույնիսկ եթե հարցերը վերաբերեն երկրի քաղաքական ղեկավարությանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ հանձնաժողովի աշխատանքը կարևոր է առնվազն փաստագրման իմաստով, պարզապես կա վստահության խնդիր։
«Այլ հարց է, թե իրենք ինչպես են այդ նյութերն օգտագործելու։ Իսկապես գնալու են ճշմարտությունը բացահայտելո՞ւ, թե՞ դառնալու է քաղաքականացված ինստիտուտ», — շեշտում է քաղաքագետը։
Պողոսյանի համոզմամբ՝ վստահությունը պետք է ձևավորվի հանրության հետ պետական ինստիտուտների հաղորդակցության արդյունքում, ինչն էլ ժամանակը պետք է ցույց տա։
44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցեր քաղաքագետը շատ ունի։ Մեկն էլ այն է, թե ինչու հանձնաժողովը ձևավորվեց հենց հիմա, երբ այդ մասին իշխանությունը խոսում է նախորդ տարվա հուլիսից։
«Ինչի՞ համար եք ձգձգել և ինչո՞ւ այսօր։ Այս հարցն էլ կարող է հանգեցնել անվստահության», — ասում է Պողոսյանն ու հույս հայտնում, որ բոլոր կասկածները կփարատվեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։
Քաղաքագետի համոզմամբ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ ճգնաժամը հաղթահարված չէ։ Ասում է՝ այդ մասին է վկայում նաև այն, որ երկրի խորհրդարանում օրենքներ են ընդունվում մեկ քաղաքական միավորի հավանությամբ։
Թևան Պողոսյանը չի բացառում, որ այս հանձնաժողովը կարող է գործիք դառնալ իշխանության ձեռքին, օգտագործվել քաղաքական խնդիրներ լուծելու համար, բայց հույս ունի, որ առկա խնդիրները լայնորեն կքննարկվեն․
«Պատերազմի ուսումնասիրության խնդիրը պետք է ունենա նաև քաղաքական կոմպոնենտ։ Կան երկու-երեք աշխատություններ, հարցերի շրջանակ։ Ինքս մասնակցել եմ մի նախաձեռնության, որտեղ հարցերի շարան կար՝ սկսած արտաքին հարաբերություններից, քաղաքական, ռազմական և այլն, թե ինչ հարցեր պետք է տրվեն, որ կարողանանք հասկանալ՝ ինչը նպաստեց նրան, որ Ալիևը հենց այդ օրը եկավ, արդյոք ունեինք տեղեկություններ պատերազմի մասին, որովհետև ասում էին՝ գիտեինք, օրն ու ժամը չէինք իմանում։ Բա օրն ու ժամը չիմանալով ասո՞ւմ ես՝ մեր բանակը տալու է, ջարդի։ Հարց, որի պատասխանը պետք է տալ»։