Հայաստանում քրեական գործ են հարուցել հարկերի չվճարման մեղադրանքով, դրանում շոշափվում են օլիգարխների անուններ
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է հարկերի վճարումից խուսափած գազալցակայանների ցանկը: Ընդհանուր առմամբ 8 ընկերություն է խուսափել հարկերի վճարումից: Դրանց թվում են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները: Հարկեր չի վճարել նաև Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընկերությունը և «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Ավտոգազ» ընկերությունը:
Ընդհանուր առմամբ այդ ընկերությունները պետբյուջե չեն վճարել 946մլն դրամ (2մլն դոլար):
Քրեական գործ է հարուցվել բոլոր ընկերությունների դեմ: Սակայն, եթե նրանք փոխհատուցեն երկրին պատճառած վնասը, քրեական գործը կկարճվի:
«Միջազգային պրակտիկայում ընդունված մի կարևոր բան կա. տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջը հանրության շրջանում: Պետք չէ տնտեսավարողին դատել, նստեցնել ու արգելել գործարարությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք պոտենցիալ վճարումներ ենք կորցնում: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել ու նրան ճիշտ ուղու վրա դնել», — հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդամենը մեկուկես ամսում 42 մլն դոլար հարկերի չվճարման դեպքեր են հայտնաբերվել, որոնք վերադարձի ենթակա են, դրանցից 800մլն դրամը (1,6մլն դոլար) արդեն վերադարձվել է բյուջե:
ՊԵԿ նախագահն այսօր հայտարարել է, որ այդ գումարն օրեցօր աճում է.
«Այսօր այն հասնում է արդեն 1,5մլրդ դրամի [3.1 մլն դոլար]: Դա անդադար գործընթաց է, քանի որ նոր քրեական գործեր են հարուցվում»: