Հայաստան. առևտրականները պայքարում են հարկերի փաստացի ավելացման և վարչարարական քաշքշուկների դեմ
Երևանի տարբեր տոնավաճառների մի քանի տասնյակ առևտրականներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց: Ցուցարարները պահանջել են դադարեցնել կոշտ վերաբերմունքը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ՝ նշելով, որ պետական եկամուտների կոմիտեն վարչարարական ճնշում է իրականացնում իրենց հանդեպ։
«Մենք պահանջում ենք, որ մեզ հետ վարվեն արդարացի, այդ բռնությունները վերանան վերջապես։ Վարչապետի ու ՊԵԿ նախագահի կոշտ-կոպիտ արտահայտությունները մարդկանց ցավեցրել են: Մարդիկ հարկայինի անունը լսում են՝ աշնան տերևի նման դողում են», — ասել է առևտրականներից մեկը:
Առևտրականները դժգոհ են մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեի նոր կարգավորումներից: ՊԵԿ-ը առևտրականների առաջ յուրաքանչյուր ապրանք փաստաթղթավորելու խնդիր է դրել՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում առևտրականները կտուգանվեն:
Առևտրականները պնդում են, որ նոր մոտեցման արդյունքում իրենք ստիպված կլինեն նախկինից ավելի բարձր հարկ վճարել, ընկնել ավելորդ քաշքշուկի մեջ՝ ի վերջո, փակվելու են, որովհետև ամեն ապրանքը փաստաթղթավորելու համար իրենց գումար է հարկավոր, որն իրենք չունեն:
«Մենք չենք կարողանում դիմակայել սրան, մեզ հետ կոպիտ են խոսում, ու մենք չենք կարող այլևս մարսել այս խոսելաոճը: Մենք հանցագործներ չենք: Եթե իրենց նպատակն այն է, որ ՀԴՄ չխփելու համար 175 հազար տուգանեն, ապա դա ուրիշ հարց է»,- հայտարարել է «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորել են արշավը սկսել հենց Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներից:
«Թող ՊԵԿ աշխատակիցներին ենթարկեն նման հետապնդման, թե ոնց ստացվեց, որ այսպես հարստացան, ոնց եղավ, որ դարձան միլիոնատերեր: ՊԵԿ-ի աշխատակիցների շքեղ տները, մեքենաները… Բոլորին թող հարկային դաշտ բերեն, ի՞նչի չեն անում»,- ասել է առևտրականներից մեկը:
Պետական եկամուտների կոմիտեն ցուցարարների տեսակետի հետ համաձայն չի:
«Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հարկերը բոլորը վճարեն: Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, ու դուք ինքներդ պետք է կանգնեք մեր կողքին, և բոլոր էն մարդիկ, որ խուսափում են հարկերից, ոչ թե դրանց քաջալերեք, այլ բացատրեք, որ չի կարելի հարկ չվճարելով, միտինգ անելով, ակցիա անելով խուսափել հարկերից: Դա բացառվում է», — ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողներին:
Սա երկրորդ բողոքի ակցիան է, որը անցկացվում է ցուցարարների կողմից: Իրենց խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար առևտրականները այսօր ստորագրահավաք են անցկացրել, նամակ գրել և երկուսը միասին ուղարկել Ազգային ժողովի 4 կուսակցություններին: