Մերի Մամյան, 25 տարեկան, Երևան
— Հա՞յ եք:
— Այո, ինչո՞ւ:
— Դե, Ձեր դեմքը… Անսովոր է Հայաստանում այսպիսի արտաքինով աղջկա տեսնելը, — ժպտալով ինձ ասում է Վերնիսաժում զարդերի վաճառողը:
Վերջերս էլ միրգ էի գնում շուկայում, և հանկարծ վաճառողուհին ասում է.
— Կներես, աղջիկս, ես մեծ կին եմ, շատ բան չեմ հասկանում: Բայց սա ինչ-որ բան նշանակո՞ւմ է:
— Ոչ, ոչինչ չի նշանակում: Ինձ պարզապես դուր է գալիս, — պատասխանում եմ կնոջը:
— Չէ՞ր ցավում: Չէի՞ր վախենում: Ծնողներդ ի՞նչ ասացին, — հարցնում է բջջային հեռախոսների սպասարկման կենտրոնի երիտասարդ աշխատակիցը:
— Դե, սկզբում ծնողներիս դուր չեկավ, հետո սովորեցին, — ասում եմ: — Եթե ուզում եք, անպայման արեք:
Եվ այսպես ամեն օր: Իրականում, եթե ինձ անընդհատ չհարցնեին, թե ինչու եմ ես սա արել, ես կմոռանայի էլ, որ այսպիսի զարդեր եմ կրում: Եվ, իհարկե, այդ ամենը նյարդայնացնում է: Սակայն ես որոշել եմ հաջորդ տարի երրորդն անել: