Հայաստանում ռազմագերիների հարազատները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել
Հայաստանում ռազմագերիների հարազատները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո դեռևս Ադրբեջանում են գտնվում, արգելափակել են Շիրակի մարզպետարանի բոլոր մուտքերն ու ելքերը։
Արցախում 2020 թ-ի դեկտեմբերին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված բոլոր 62 գերիները Շիրակի բնակիչներ են։
Ռազմագերիների ծնողների հետ զրուցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, սակայն նրանք հանդիպում են պահանջում հենց վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։
Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցն է՛լ ավելի է սրվել անցյալ շաբաթ, երբ Հայաստանի իշխանությունները հաղորդել են, որ Բաքվից Երևան է ուղևորվում մի խումբ ռազմագերիներ տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Սակայն ինքնաթիռը դատարկ է եղել․ գերիները չեն վերադարձվել։
Հաջորդ օրը ռազմագերիների հարազատները 13 ժամով Շիրակի մարզում մի քանի մայրուղի են փակել՝ պահանջելով վերջապես լուծել այդ հարցը, վերադարձնել իրենց հարազատներին և երեխաներին։
Վերջին անգամ գերիների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել 2021 թ․ փետրվարի 9-ին։ Այն ժամանակ հայրենիք էր վերադարձել հինգ հայ ռազմագերի։ Ընդհանուր առմամբ, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 63 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձ։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձ։
- Հայաստանի 62 քաղաքացի Ադրբեջանում․ ռազմագերինե՞ր, թե՞ դիվերսանտներ
- Դատարկ ինքնաթիռ Բաքվից․ ռազմագերիների վերադարձ Հայաստան տեղի չի ունեցել
Իրավիճակը Շիրակի մարզում
Ռազմագերիների ծնողները, որոնք արգելափակել են մարզպետարանի շենքը, հայտարարել են, որ տեղից չեն շարժվի, մինչև չհանդիպեն վարչապետի կամ պաշտպանության նախարարի հետ։
Ընդ որում, նրանց խոսքով, իրենք Երևան էլ չեն մեկնելու, հենց այստեղ՝ Գյումրիում են սպասելու կառավարության ներկայացուցիչների ժամանմանը։ Նրանց հիմնական պահանջն է՝ հստակ կամ գոնե մոտավոր ժամկետներ նշել, թե երբ են իրենց երեխաները վերադառնալու։
Հանդիպում օմբուդսմենի հետ
Առավոտից ռազմագերիների հարազատների հետ է հանդիպել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օմբուդսմենի գրասենյակը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են թե՛ գերեվարված զինծառայողների, թե՛ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցերը։
Բացի այդ, Թաթոյանը ներկայացրել է ռազմագերիների վերադարձի համար մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը: