Հայաստանում ներել են զինծառայողների ընտանիքների վարկերն ու հարկային արտոնություններ սահմանել ռազմական դրության ժամանակահատվածում
Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ռազմական դրության ընթացքում հարկային արտոնությունների մասին» օրինագիծը և հարկերից ազատել պետության և բանակի համար նվիրատվությունները։
Պատգամավորները հաստատել են նաև Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծը։ Լրամշակումները թույլ են տալիս ներել վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքների վարկերը։
Բացի այդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում կվճարի զոհերի, վիրավորների և անհետ կորած զինվորների ընտանիքներին։ Այս մասին հաղորդել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
•«Արցախյան հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի»․ Հայաստանի վարչապետ
•Ինչպիսի՞ն է պատերազմը խրամատներից։ Տեսանյութ Լեռնային Ղարաբաղից
Մանրամասներ հարկային և վարկային արտոնությունների մասին
«Ռազմական դրության ընթացքում հարկային արտոնությունների մասին» օրինագծի համաձայն՝ այն ընկերություններն ու մասնավոր անձինք, որոնք ապրանք են բերում պետությանը փոխանցելու համար, ազատվում են ինչպես մաքսատուրքերից, այնպես էլ ԱԱՀ-ից և բնապահպանական հարկից (եթե դրանք նախատեսված են այդ ապրանքի ներկրման դեպքում)։
Բացի այդ, օրինագիծը գործելու է հետին թվով։ Այն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից, երբ Ղարաբաղում սկսվել է երկրորդ պատերազմը։ Սակայն հարկերը չեղարկվելու են նաև այն ապրանքների համար, որոնք ներկրվել են մինչ այդ, բայց հետագայում նվիրվել են պետությանը։
Հարկային օրենսգրքում կատարած փոփոխությունների համաձայն՝ ներվում են ռազմական գործողությունների մասնակիցների՝ զինվորականների, զորակոչիկների, կամավորների անհույս վարկերը։ Այս արտոնությունը ստանում են նաև նրանց հետ բնակվող ազգականները, եթե այդ զինծառայողները զոհվեն կամ հաշմանդամություն ստանան։ Այս փոփոխությունները նույնպես հետին թվով են ընդունվել՝ սեպտեմբերի 27-ից։
Փոխհատուցում զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
2017 թ-ի հունվարի 1-ից հիմնադրամը հատկացումներ է անում բոլոր վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Այն գործում է երկրի յուրաքանչյուր աշխատող բնակչի վճարումների հաշվին։ Ամսական 1000 դրամի (ավելի քան 2 դոլար) վճարումն արվում է աշխատավարձերից։
Այս տարիների ընթացքում, հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով, 60 մլն դոլարին համարժեք գումար է հավաքվել։ Եվ այն ուղղվելու է զոհվածների, վիրավորների և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։
Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է 52-82 մլն դրամ (120-160 հազար դոլար)։ սակայն փոխհատուցումը երկու փուլով է իրականացվելու։ Սկզբից զոհվածի, անհետ կորածի կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացածի ընտանիքին 10 մլն դրամի (20 հազար դոլար) չափով գումար կփոխանցվի, իսկ երկրորդ խմբի հաշմանդամների ընտանիքներին՝ 5 մլն դրամ (10 հազար դոլար)։
«Այնուհետև այդ ընտանիքներին ամսական 100-300 հազար դրամ (200-600 դոլար) կփոխանցվի, իսկ եթե զինծառայողը երեք և ավելի երեխա ունի, նրա ընտանիքը կստանա լրացուցիչ 100 հազար դրամ (200 դոլար)», — ասել է Վարուժան Ավետիքյանը։
Նրա խոսքով՝ միայն վերջին երեք շաբաթում հիմնադրամի հաշվին է փոխանցվել լրացուցիչ 4,5 մլն դրամ (9 հազար դոլար) նվիրատվություն, ընդ որում՝ 80%-ը՝ Հայաստանի բնակիչներից։