Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել՝ 112 նոր դեպք, գրանցվել է 40-րդ մահվան դեպքը
Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 40-րդ դեպքը։ Մահացածը 64 տարեկան կին է։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է»։
Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619-ի։ Փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ հայտնել էր վարակվածների թվում կան նաև 320 բուժաշխատող։ Նրանք բուժվում են և կրկին վերադառնում իրենց աշխատանքին։
«Պետք է ամեն ինչ անենք, որ այդ թիվը [վարակված բուժաշխատողների] հանկարծ կրիտիկականի չհասնի, որպեսզի, օրինակ, մի ամբողջ հիվանդանոցի բուժաշխատողների մեծ մասը վարակված լինի, և փաստացի հիվանդանոցի աշխատանքը պարալիզացվի, կամ մենք ունենք, օրինակ, մասնագետներ, որոնք հարաբերականորեն անփոխարինելի են, և իրենք վարակվեն։ Այդ դեպքերում էլ լուծումներ կան։ Վերջին օրերին գրեթե նոր բուժաշխատողներ չեն ախտորոշվում, շատ քիչ թվով են լինում, եւ դրանք մնացորդային դեպքերն են, որոնք մենք աստիճանաբար գտնում ենք հետազոտություններ անելով», — այժմ մանրամասնել է Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ բուժաշխատողները վարակվել են ոչ թե հիվանդանոցում, այլ հենց իրենց տանը։
Ինչ վերաբերում առողջապահության համակարգի այս պահին առկա մահճակալային ֆոնդին, ապա յասօր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․
«Մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»։
Մայիսի 4-ից Հայաստանում չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, տնտեսվարողների մեծ մասը վերդարձել է աշխատանքի։ Սակայն պարետատունը զգուշացնում է․ եթե գործունեությունը վերսկսած բիզնեսն ու բոլոր բնակիչները սանիտարական նորմերին չհետևեն, և վարակման տեմպը շարունակի աճել, երկրում կրկին խիստ կարանտին կհայտարարվի։