Հայաստանում կորել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը
Հայաստանում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորականի որոնումները:
35-ամյա Դմիտրի Լոշմանովը կիրակի՝ ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 9:30-ին, դուրս եկել զորամասից գնումներ կատարելու և չի վերադարձել:
Սակայն նրա անհետացման մասին հայտարարությունը ոստիկանությանն է փոխանցվել միայն երկու օր անց՝ ապրիլի 18-ի երեկոյան:
Հաղորդվում է, որ Լոշմանովի հագին մոխրագույն սպորտային համազգեստ է եղել, սև բաճկոն և սպորտային կոշիկ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեղեկատվական-վերլուծական Lragir.am կայքին տված մեկնաբանությունում նշել է, թե «որքան էլ Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը փորձի համոզել քաղաքացիներին, որ կորած զինծառայողը զինված չէ, քաղաքում, միևնույն է, անհանգստացած են, առավել ևս, որ լուրեր են պտտվում, թե նա այնուամենայնիվ զինված է»:
«Երեկ ես քաղաքի փողոցներում ռուս զինծառայողների եմ տեսել, որոնք Լոշմանովի լուսանկարով տարբեր օբյեկտներ էին մտնում, որտեղ հաճախ են լինում ռուս զինծառայողները: Սակայն այն, որ փոքր Գյումրիում կարող է զինծառայող կորել, և նրան փնտրում ու չեն գտնում մի քանի օր, չի կարող չանհանգստացնել», — ասում է Համբարյանը:
Ռուս զինծառայողները մեկ անգամ չէ, որ լքել են ռազմաբազան՝ զենքը ձեռքներին:
Այսպես, 1999թ-ի ապրիլի 14-ին ռուս սահմանապահներն ինքնաձիգներով, ոչ սթափ վիճակում գնացել են Գյումրիի շուկա և անկանոն կրակ բացել, որի արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել են:
2015թ-ի հունվարի 12-ին 102-րդ ռազմաբազայից փախել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը զինված մտել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի տուն և գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, իսկ 6-ամսյա երեխային Պերմյակովը սպանել է սվին-դանակով:
Որոշ ժամանակ առաջ JAMnews-ը հրապարակել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի հետ կապված ողբերգական միջադեպերի տեսություն: