Հայաստանում կարկուտն ու անձրևը վնասել են 10 գյուղի ողջ բերքը
Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության տարածքով տեղացած կարկուտը հիմնականում վնաս է հասցրել Արմավիրի մարզին:
Թեթև կարկուտ է տեղացել նաև Շիրայում, Կոտայքում, Տավուշում, իսկ Արմավիրի 10 գյուղերում կարկտահարվել է գրեթե ողջ բերքը: Վնասի ծավալների մասին դեռևս պաշտոնական թվեր չեն հրապարակվում. գյուղնախարարության ներկայացուցիչները Արմավիրի մարզպետի հետ շրջում են գյուղերում՝ իրավիճակին հիմնավոր ծանոթանալու նպատակով:
Իսկ գյուղացիներն ահազանգում են, որ կարկուտը վնասել է ամբողջ գյուղմթերքը. թե պղտղատու ծառերը՝ ծիրան, բալ, խնձոր, թե բանջարաբոստանային կուլտուրաները՝ ցորեն, լոբի, լոլիկ, կարտոֆիլ:
Էջմիածնին մոտ գտնվող Մրգաստան գյուղի համայնքապետն ասել է. «Լրիվ, հարյուր տոկոսով բերք չկա, իմ տնից սկսած մտի սաղի տները, ոչ մի բան չունենք: Կարկուտի ժամանակ գյուղում ման էի գալիս, էն ինչ էր կատարվում, ահավոր էր… Անձրևախառը խփեց, տարավ ու տարավ»:
Ամբողջ բերքը կորցնելու մասին է վկայել նաև Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը. «Ավերվեց, գետնին հավասարվեց խաղողի թփերը, պտղատու այգիները…»:
Ի դեպ, կարկուտն ու անձրևը տեղացել են նաև մայրաքաղաք Երևանում: Շատ փողոցներ դարձել էին դժվարանցանելի կուտակված ջրի պատճառով: Ինչպես տեղեկացրել էր ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, կարկուտով ուղեկցվող անձրևի այդ քանակի մեծ մասը թափվել է 10-15 րոպեում, երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: