Հայաստանի Ազգային ժողովը «Պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծում փոփոխություններ է մտցրել։ Դրանք երկարաձգում են օրենքի գործելու ժամկետը, որը թույլ է տալիս Հայաստանի 27-ամյա քաղաքացիներին հայրենիք վերադառնալ և քրեական պատժի չենթարկվել զինծառայությունից խուսափելու համար։ Դրա համար նրանք պետք է տուգանք վճարեն։
Երկրի խորհրդարանը առաջին անգամ չէ փոփոխություններ կատարում օրինագծում, որը թույլ է տալիս չպատժել զինծառայությունից խուսափողներին։ Դա Հայաստանի քաղաքացիներին թույլ է տալիս հայրենիք վերադառնալ՝ չվախենալով քրեական պատժից։ Յուրաքանքչյուր անգամ խորհրդարանում որոշվում է նաև տուգանքի չափը, որ պետք է վճարել։ Այս անգամ այն կազմում է 1,8 մլն դրամ (մոտ 3600 դոլար)։ Փոփոխությունները վերաբերում են նրանց, ում 27 տարին լրացել է 2018թ-ին և մինչև 2019թ-ի մարտի 1-ը։ Խոսքը գնում է մոտ 2000 մարդու մասին։
Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պաշտոնական թվեր է նշել, որոնց համաձայն՝ զինծառայությունից խուսափելու հետևանքով հետախուզման մեջ է 27-35 տարեկան 3225 մարդ։
Զինծառայությունից խուսափելու համար տուգանք վճարելու և քրեական հետապնդումից խուսափելու հնարավորությունից 2003 թ-ից մինչև այսօր օգտվել է 9985 մարդ։ Դրա արդյունքում պետբյուջե է մտել 11,8 մլրդ դրամ։
Փաշինյանի վերադառնալու կոչերը
2018թ-ի գարնանն իշխաննության գալուց հետո Հայաստանի վարչապետը մի քանի անգամ դիմել էր երիտասարդներին, որոնք ժամանակին լքել են Հայաստանն ու զինծառայություն չեն անցել՝ կոչ անելով վերադառնալ․
«Ես սա ասում եմ որպես վարչապետ, որը (Աստված մի արասցե) պատերազմ սկսվելու դեպքում պետք է կատարի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ Ես կարևոր եմ համարում․․․ կոչով դիմել մեր հայրենակիցներին, իմ եղբայրներին, նրանց ծնողներին՝ իմ եղբայրներին և քույրերին։ Թող նրանց երեխաները որոշում կայացնեն և օր առաջ Հայաստան վերադառնան և բանակ գնան․․․ տղայիս հետ միասին»։
Փաշինյանի որդին՝ Աշոտը, Տարտուի համալսարանի ուսանող է։ 2018թ-ի մարտին, երբ լրացել էր երիտասարդի 18 տարին, նա Հայաստան էր վերադարձել, որպեսզի մեկնի ծառայության։ Նա նաև դիմում էր գրել իրեն Ղարաբաղում ծառայության ուղարկելու մասին, որը բավարարվել է 2018թ-ի ամառային զորակոչին։
Վարչապետը խոստացել էր նաև, որ բանակից խուսափած այն անձինք, ովքեր հայրենիք վերադառնան և գնան ծառայելու, չեն պատժվի․
«Սպասում ենք բոլորին։ Սա նոր Հայաստանն է, որտեղ բանակում ծառայելուց չեն խուսափում, որտեղից չեն արտագաղթում, որտեղ միայն վերադառնում են։ Պարտականությունների իրենց բաժինը կրելու և հանուն Հայաստանի ապագայի»։