Իրանցիները Հայաստան են բերել գորգեր, կոմբայններ և քաղցրավենիք
Երևանում այսօր բացվել է իրանական արտադրանքի էքսպո-ցուցահանդես: Ներկայացվել է իրանական տարբեր ոլորտների արտադրանք՝ սկսած կենցաղային և գյուղատնտեսական տեխնիկայից և տեքստիլից, վերջացրած քաղցրավենիքով:
Իրանից Հայաստան ժամանած 49 ընկերությունների ներկայացուցիչներից բացի ցուցադրության բացմանը ներկա էին հայ և իրանական պաշտոնյաներ, որոնք կարևորել են նման էքսպոների անցկացումը թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում:
«Այս ցուցահանդեսը լուրջ իրադարձություն է առևտրատնտեսական բնագավառում հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար: Մենք բազմիցս իրանցի գործընկերների հետ արձանագրել ենք, որ հայ-իրանական հարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում դեռ չեն բավարարում, բավականին մեծ ներուժ կա չօգտագործված։ Պետք է ջանքեր չխնայենք, որպեսզի մեր հարաբերություններն այս ոլորտում հասցնենք մեր բարեկամական լավ հարաբերությունների մակարդակին»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա կարծիքով, Հայաստանն ու Իրանը կարող են համատեղ արտադրություններ հիմնել, արտադրական համագործակցությունն ավելի զարգացնել:
Ավելի մեծ ակնկալիքների մասին խոսելու հետ մեկտեղ Սուրեն Կարայանը նշել է, որ միայն այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունը աճել է 40 տոկոսով:
Երկու պետությունների միջև տնտեսական ավելի սերտ կապեր ստեղծելու անհրաժեշտության մասին խոսել են նաև Իրանի պաշտոնյաները: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ասել է.
«Մենք բավարարված չենք հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությամբ: Բայց եթե համեմատենք Իրանի և այլ պետությունների միջև առևտրաշրջանառության հետ, ապա այն մեզ համար, ամեն դեպքում, գոհացուցիչ է»: