Հայաստանում ժամանցի գիշերային վայրերը բնակելի շենքերից կհեռացվեն
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյան, JAMnews
Երևանի բնակիչները ուշադրությամբ հետևում և քննարկում են գիշերային ակումբները, կարաոկեները և ժամանցային այլ աղմկոտ վայրերը իրենց բնակարաններից հեռացնելու մասին կառավարության նախաձեռնությունը:
Բարձր երաժշտությունից դժգոհող քաղաքացիները նշում են, որ համապատասխան օրենսդրական փաթեթը պետք է շուտափույթ ընդունվի և ժամանցի վայրերը դադարեն գործել իրենց շենքերի նկուղային կամ առաջին հարկերում: Այն մշակվել է ի կատարումն վարչապետի՝ Բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:
«Ժամը 11-ից, 12-ից հետո բարձր երաժշտություն են միացնում, աղմկում են ու չենք կարողանում քնել: Չմտածեք, որ ես դեմ եմ աղմուկին և ուզում եմ, որ մարդիկ աշխատանքը կորցնեն, այդ ժամանացի վայրերը փակվեն, իրենք առանց գործ մնան: Բայց եթե մարդկանց խանգարում է, ուրեմն մի լուծում պետք է գտնել չէ՞»,— ասում է երևանցիներից մեկը, ում բնակարանը ժամանցի վայրից երկու հարկ է բաժանում:
Իսկ ժամանցի նման վայրերի աշխատակիցները նշում են, որ իրենք կեսգիշերից հետո երաժշտության ձայնը ցածրացնում են, որովհետև հասկանում են, որ շենքում բնակելի տներ կան ու մարդիկ են ապրում:
«Մենք աշխատում ենք, սա բիզնես է, չենք ուզում մարդկանց խանգարել, այն, ինչ մեզնից հասնում է, մենք իրականացնում ենք, իսկ եթե մեր տարածքից դուրս կռիվներ են լինում, վեճեր են լինում, մենք ոչ միշտ է, որ դրա հետ առնչություն ենք ունենում»,— ասել է ակումբներից մեկի աշխատակիցը:
Որպեսզի բնակիչները գոհ մնան, իսկ գործարարները չտուժեն, կառավարությունն առաջարկել է ժամանցային նման վայրերը բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներից հեռացնելու մասին որոշում կայացնել, բայց դրա ընդունումից հետո մեկ տարի ժամանակ տալ ձեռնակատերերին իրենց հարցերը լուծելու համար:
«Ցանկացած նմանատիպ օբյեկտի սեփականատեր համայնքի ղեկավարի, քաղաքաշինության կոմիտեի հետ կարող է ընտրել իր օբյեկտի համար ցանկացած այլ վայր կամ փոխել իր գործունեության տեսակը, կամ էլ փակել: Մենք օրենքով նաև կնախատեսենք, որ նման օբյեկտի տեղափոխումը կամ ցանկացած այլ լուծում չպետք է լինի ի հաշիվ քաղաքացիների հանգստի իրավունքի: Բազմաբնակարան շենքից նման օբյեկտի գտնվելու հեռավորությունը հետագայում կսահմանվի ենթաօրենսդրական ակտերով՝ Երևանի ավագանու որոշում և այլն»,— ասել է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը:
Նա հայտնել է, որ Երևանում այս պահին 22 ժամանցային վայր կա, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել և ներկայացնել կառավարության աշխատակազմ: