Հայաստանում զորակոչիկները կարող են ընտրել մարտական դիրքերում ծառայությունը և որոշակի առավելություններ ստանալ
Հայաստանում այն երիտասարդների համար, որոնք պատրաստ են ծառայել առաջնագծում, մեկնարկում է «Ես եմ» ծրագիրը:
Ժամկետային պայմանագրային ծառայության այս նոր մոդելով երիտասարդը կծառայի երեք տարի՝ երկուսի փոխարեն: Ընդ որում 7-ը ամիսը զինվորը կանցկացնի տանը: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս երիտասարդին կվճարվի որոշակի գումար` հանգստյան ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին էլ նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 միլիոն ՀՀ դրամ, որով զորացրված զինծառայողը կկարողանա ծրագրի շրջանայներում
- ձեռքբերել մատչելի բնակարան
- բացել մինի-ֆերմա
- վճարել ուսման համար:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առաջիկա ձմեռային զորակոչին ծրագիրն արդեն ներդրվել է, մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ՝ ծառայության այս տարբերակը ընտրելու մասին։
«Շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան, պայմանները, որոնցով պայմանագիրը կարող է չեղյալ ճանաչվել և այլն: Այս մանրամասներն ունենալուց հետո, վստահ եմ, որ այդ թիվը կաճի։ Պետք է հաշվի առնենք, որ առաջին անգամ ենք իրականացնելու, կարծում եմ, որ հարյուր զինծառայողի ներգրավումն արդեն իսկ լավ արդյունք կլինի ծրագրի համար, իսկ առաջիկա զորակոչին ավելի ինտենսիվ կպատրաստվենք, դպրոցներում զորակոչային ռեսուրսի հետ աշխատելով»,- ասել է պաշտպանության նախարարը:
Այն երիտասարդները, ովքեր չեն ընտրի այս ծրագիրը, կծառայեն այժմ էլ գործող նախկին մոդելով: