Հայաստանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվին մեկ ամսում 393 709 929 դրամ է հավաքագրվել
Կիսվել
Կիսվել
2017 թ.-ի հունվարի 9-ից գործող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվին հավաքագրվել է 393 709 929 դրամ (808 921 դոլար):
Օրենքի համաձայն, Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները 1000 դրամ են փոխանցում հիմնադրամի հաշվեհամարին:
ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հիմնադրամի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ ներկայացվել է հիմնադրամի 1000plus.am կայքը և հաստիքացուցակը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը բաղկացած է 9 հոգուց, որոնցից երեքին ընտրում է կառավարությունը, երեքին՝ Կենտրոնական բանկը, երեքին՝ հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են զինծառայողների պաշտպանությամբ:
Խորհրդում առկա է մեկ թափուր տեղ, որը զբաղեցնելու է ընդդիմության ներկայացուցիչը: Պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանը նիստի ժամանակ հայտնել է, որ ընդդիմության հետ քննարկումներից հետո որոշվել է իրենց ներկայացուցչի ընտրությունը թողնել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Վիգեն Սարգսյանը, ով նաև օրենքի նախագծի հեղինակն է, ընտրվել է հիմնադրամի խորհրդի նախագահ: Հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության ղեկավար Վարուժան Ավետիքյանը:
Նիստի ժամանակ ներկայացվել է հիմնադրամի 2017 թվականի բյուջեն, որից այս տարվա կտրվածքով նախատեսվել է 1 միլիարդ 731 միլիոն դրամի ծախս: