Կորոնավիրուսը փլուզել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը
Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնց զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենաշատն է տուժել։ 2020 թ–ի առաջին կիսամյակում երկիր է ժամանել ընդամենը 311 264 զբոսաշրջիկ, հաղորդում է Ազգային վիճակագրական կոմիտեն։ Համեմատության համար․ 2019 թ–ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 770 055։
● Կորոնավիրուսն՝ ընդդեմ գինեգործների և խաղողագործների
● Կորոնավիրուսի պատճառով տուժած զբոսաշրջության ոլորտը Հայաստանի կառավարությունից օգնություն կստանա
Ինչի՞ մասին են խոսում թվերը
Հաշվետվությունում ասվում է, որ թվերը գոյացել են 2020 թ–ի հունվար–մարտ ամիսների տվյալների հիման վրա, քանի որ ապրիլից–հունիս ընկած ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով արտասահմանցի զբոսաշրջիկներ չեն եղել։
Բացի այդ, անկում է ապրել նաև ներքին զբոսաշրջությունը․ նույն ժամանակահատվածում զբոսաշրջային հոսքերը կրճատվել են 60,5%–ով և կազմել 140 158 մարդ։ Սա հյուրանոցներում գիշերակաց վերցրած հանգստացողների թիվն է։
Ոչ մեծ աճ է գրանցվել միայն բժշկական զբոսաշրջության ոլորտում՝ 15,3%։
Կորոնավիրուսային իրավիճակը երկրում
Հուլիսի 6–ին Հայաստանը հաղթահարել է կորոնավիրուսով վարակման գագաթնակետը, նոր դեպքերի օրական քանակը սկսել է կրճատվել։
Այդ առնչությամբ օգոստոսի 12–ից պարետատունը թույլատրել է երկիր գալ արտասահմանցիներին, ինչպես նաև փողոցային հավաքներ և հանրահավաքներ անցկացնել՝ հակահամաճարակային նորմերի պահպանմամբ։ Խոսքը, մասնավորապես, սոցիալական հեռավորության մասին է, երկրում գործում է նաև պարտադիր դիմակ կրելու ռեժիմ։
Սեպտեմբերի 9–ի դրությամբ՝ երկրում վարակման 199 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 45 152 է։ Ապաքինվել է 41 023 մարդ, 905 մարդ մահացել է։