Հայաստանում առաջին դասարանցիների պայուսակի քաշը չպետք է գերազանցի 1,5 կգ. նոր հրաման
Հայաստանում մտահոգված են դպրոցական հասակի երեխաների ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության հարցով: Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են նոր պահանջներ դպրոցներին: Դրանցից մեկը վերաբերում է պայուսակների քաշին:
Այս կապակցությամբ ահազանգեր են եղել աշակերտների ծնողների կողմից, մասնագետներն էլ վկայել են, որ պայուսակների ծանրությունը վտանգում է երեխաների առողջությունը, վնասում ողնաշարի կառուցվածքը:
Նախարարի հրամանով, դպրոց բերվող դասագրքերի և գրենական պիտույքների ընդհանուր քաշը այսուհետ պետք է տարբեր լինի տարբեր տարիքի աշակերտների համար.
• 1-ին, 2-րդ դասարաններում սովորողների պայուսակի քաշը չպետք է գերազանցի 1,5 կգ,
• 3-րդ, 4-րդ դասարաններինը՝ 2 կգ,
• 5-6-րդ դասարաններինը՝ 2,5 կգ,
• 7-8-րդ դասարանցիներինը՝ 3,5 կգ,
• 9-12-րդ դասարաններինը՝ 4 կգ:
Ազգային ժողովի գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արման Սաղաթելյանն այս հարցը բարձրացրել էր խորհդարանում անցած տարվա նոյեմբերին: Նա առողջապահության նախարարին ասել էր, որ կշռել է իր և իր ընկերների երեխաների պայուսակները և պարզել, որ 12 տարեկան երեխայի պայուսակը 5200 գրամ է կշռում՝ դեռ առանց հավելյալ պարագաների և սպորտային համազգեստի:
Առողջապահության նախարարի հրամանի հրապարակումից հետո պատգաավորը հույս է հայտնել, որ հանրությունը ուշադիր կլինի դրա իրականացման հարցում, նախարարությունն էլ հետևողական կլինի և կկիրառի իր լծակները որոշման իրականացումը վերահսկելու համար:
Ամեն տարիքային խմբի համար սահմանված կիլոգրամները պատահական չեն, դրանք հիմնվում են որոշակի միջազգային նորմերի վրա:
Նախարարի հրամանով փոխվել են նաև դասամիջոցների տևողությունն ու կատարվել է դասաժամերի ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխում տարբեր դասարանների երեխաների համար:
Ելնելով դրանից, թե որն է տարբեր տարիքի երեխաներ համար առավել բարձ աշխատունակության ժամերը, որոշվել է ընկալման առավել բարդ առարկաները
• 1-ին դասարանում սովորող երեխաների համար տեղափոխել 2-րդ դասաժամին,
• 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին,
• 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին:
Առաջին դասարանցիները նաև ազատվում են տնային աշխատանք կատարելու պարտադրանքից: