Հայաստանում առաջին արձագանքման ուժերի զորավարժություն է անցկացվել Վրաստանի գործընկերների մասնակցությամբ
Հայաստանի ու Վրաստանի առաջին արձագանքման ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացրել: Բեմադրվել է ամոնիակի արտահոսք, որից բնակչության և տարածքների պաշտպանություն է իրականացվել:
Ըստ բեմադրված մտահղացման, Վրաստանի Ռուսթավի քաղաքից Հայաստան երկաթուղիով քիմիական նյութ էր ներկրվում ՝ 20 տ հեղուկ ամոնիակ: Այն տեղափոխվում էր երկաթուղային տակառով: «Հարավկովկասյան երկաթուղու» Ալավերդի կայարանում երկաթուղային շարակազմերը բախվել են, դրա հետևանքով տակառը կողաշրջվել է, տեղի է ունեցել հեղուկ ամոնիակի արտահոսք։
Հայկական և վրացական արձագանքող ուժերը համատեղ իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև ամոնիակի տարածման կանխարգելիչ միջոցառումներ:
Վարժանքն ամփոփելիս, կազմակերպիչներն ընդգծել են, որ նման միջոցառումներն ընձեռում են արձագանքող ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը համակարգելու հնարավորություն: