Հայաստանում աճել է պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը
Հայաստանում աճել է թմրամոլների թիվը: Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական դիսպանսերի գլխավոր տնօրեն Պետրոս Սեմերջյանի հրապարակած տվյալներով՝
- 2016 թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 6010 թմրամոլ,
- 2017 թ.-ին՝ 6544:
«Հարկ է նշել, որ սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում առնվազն մեկ անգամ թմրամիջոցներ օգտագործած մարդկանց թիվը 30 հազարի է հասնում: Այս անձինք ևս թմրամիջոցներից կախվածություն ունեցող են համարվում», — ասել է Պետրոս Սեմերջյանը:
Նրա խոսքով՝ երկրում թմրանյութային կախվածության հետ կապված իրավիճակը վատթարանում է, և սա միայն Հայաստանի խնդիրր չէ՝ միտումն առկա է ամբողջ աշխարհում:
Հայաստանում թմրամոլությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը մարիխուանա (կանեփ) է օգտագործում:
2017 թ.-ին գրանցվել է
- 4064 մարիխուանա օգտագործող,
- 2476 ափիոն օգտագործող,
- 3 կոկաին օգտագործող:
Թմրամոլների մոտ մեկ երրորդը 19-ից 27 տարեկան է, 16-17 տարեկանները՝ մի քանիսն են:
Ընդ որում, Հայաստանում թմրամոլությունը մեծամասամբ տարածված է տղամարդկանց շրջանում: Կանանց թիվը 2016 թ.-ին կազմել է 95, 2017 թ.-ին՝ 105: