Հայաստանի 138 փաստաբան գործադուլ է հայտարարել
Հայաստանի մի խումբ փաստաբաններ գործադուլ են հայտարարել «ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»: Բողոքի ակցիային այս պահի դրությամբ միացել է 138 փաստաբան:
Արդեն մի քանի ամիս է, ինչ փաստաբաններն ահազանգում են, որ դատարանում և քրեակատարողական հիմնարկներում իրենց խուզարկում են:
Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում փորձել են զննել իր պայուսակը: «Պահանջում էին, բացել պայուսակս: Հրաժարվել եմ, հայտարարել եմ, որ չեմ պատրաստվում ենթարկվել խուզարկության, քանի որ դա սահմանված չէ օրենքով»,- նշել էր նա:
Մեկ այլ փաստաբան էլ՝ Լուսինե Սահակյանը ասել է. «Նախկինում նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, որ ինչ-որ մեկը փաստաբաններին կարող էր ասել՝ պայուսակդ բացիր»:
Փաստաբանները կարծում են, որ տեղի ունեցողը մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություն է:
Դատարնում խուզարկության առաջին դեպքերի մասին ահազանգել են «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները՝ հենց սկսվեց այս գործով դատավարությունը:
Կարծիք կա, որ հանրային հնչեղություն չունեցող գործերով փաստաբաններին չեն խուզարկում, դա է պատճառը, որ ամեն ինչ սկսվեց «Սասնա ծռերի» դատական առաջին նիստից և այդ գործով դատարան ներկայացող փաստաբաններից:
Սակայն փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի կարծում, որ տեղի ունեցողը խուզարկություն է: Նա հայտարարել է, որ դա «խուզարկություն չէ՝ զննում է, իսկ զննությունը խուզարկությունից տարբերվում է նրանով, որ զննության ժամանակ իրավունք չունի զննողը ինքնուրույն որոնողական աշխատանք կատարել, այսինքն՝ ինքը չի կարող բացել պայուսակը, ձեռքը տանել գրպանը, իսկ հենց նման քայլ արեց՝ կդառնա խուզարկություն»:
Զոհրաբյանի կարծիքով՝ եթե փաստաբանն է պայուսակը բացում և ցույց տալիս, դա տեղավորվում է «զննություն» ձևակերպման մեջ, իսկ դատական օրենսգրքի համաձայն, նրա պդմամբ, փաստաբանին զննել կարելի է: