Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնարավոր է 8 միլիարդ դոլարի ներդրում կատարվի
Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են ներդրումներ կատարել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը վերականգնվող էներգետիկայի զարգացմանը նվիրված համաժողովում: Դրան մասնակցում է 7 խոշոր ընկերություն ԱՄՆ-ից:
Դեսպան Միլսը նշել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, ավելին, կա 8 միլիարդ դոլարի համագործակցության հեռանկար. «Վերջին 5 տարիների ընթացքում էներգիայի արտադրության ծավալները Հայաստանում 20 տոկոսով աճել են, և այսօր Հայաստանում կան էներգաարտադրության կարողություններ: Իսկ դա նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է, արդեն տարածաշրջանային հարցեր կարելի է այստեղ քննության առնել»:
Սակայն դիվանագետը շեշտել է, որ ԱՄՆ դեսպանատունը չի կարող երաշխավորել, որ ներդրումները կիրականացվեն. «Հայաստանյան գործարարների, Հայաստանի կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն ու ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար: Առավելապես կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»: