Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան. Վրաստանը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար
Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի Հանրային հեռարձակողին, որում անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն անհրաժեշտ է խորացնել: Հայաստանի վարչապետը կարծում է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները չպետք է հիմնվեն աշխարհաքաղաքական ազդեցությունների վրա:
«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, մենք իրոք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ: Մեր ծրագրում նշված է, որ Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից: Մեր հարաբերությունների վրա երբեմն ազդում են աշխարհաքաղաքական գործոններ և, ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական հեևանքներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը համոզված է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պետք է դուրս բերվեն աշխարհաքաղաքական գործոնների շրջանակից:
«Կարծում եմ՝ մենք պետք է ձևավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից: Հայաստանը և Վրաստանը պետք է ունենան ուղիղ երկկողմանի հարաբերություններ, որոնք մենք պետք է խորացնենք բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ինչպես նաև պարզապես մարդկային մակարդակում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյաննը Վրաստանի Առաջին ալիքին: